ՀՀ-ն օկուպացված է․ ի հեճուկս բոլոր գործողությունների՝ մենք վճռական ենք․ Փաշինյան
Երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական սադրանքն է իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել։ Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է։
Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացնելիս են եղել ՀՀ տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են ՀՀ տարածքում։ ՀՀ տարածքն օկուպացված է, մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից»,-ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն այս կերպ փորձում է խանգարել ՀՀ-ի բանակի բարեփոխումներին։
«Այս ամենն արվում է, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, մեր ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք։ Ի հեճուկս բոլոր գործողությունների՝ մենք վճռական ենք»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում