Ավինյանի աներոջ ծեծի գործը տեղում դոփում է, ՊՊԾ-ի Սաքոն էլ շարունակում է իրեն լավ զգալ «Երևանի ՋԷԿ»-ում
Նոյեմբերի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում։
MediaHub-ը գրել էր, որ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը, որը «Երևանի ՋԷԿ»-ում փոխտնօրեն է աշխատում, առավոտյան վեճի էր բռնվել նույն ընկերության անվտանգության պետ Սարգիս Պահլավունու հետ և ծեծել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Սարգիս Պահլավունին, հիշեցնենք, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աներն է։
Մենք գրել էինք, որ դեպքից հետո Պահլավունին տեղափոխվել էր հիվանդանոց, ինչպես նաև հաղորդում էր ներկայացրել իրավապահներին իրեն ծեծի ենթարկելու փաստով։ Քննչական կոմիտեն էլ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Բայց մինչ օրս այս գործից որևէ նորություն չկա, ՊՊԾ-ի Սաքոն էլ շարունակում է գնալ աշխատանքի՝ նրան ոչ ոք աշխատանքից չի հեռացրել, ավելին՝ մեզ ասացին, որ Սարգիս Հովհաննիսյանը շարունակում է իրեն այդ հիմնարկում տեր ու տիրակալ զգալ, աջ ու ձախ հարցեր լուծել և տարբեր առիթներով կոնֆլիկտի մեջ մտնել ՋԷԿ-ի տարբեր աշխատակիցների հետ։ Տուժող կողմը՝ Ավինյանի աներ Արթուր Պահլավունին ևս հաճախում է աշխատանքի, սակայն ինքն ու Հովհաննիսյանը իրար հետ չեն շփվում։
Ինքը՝ Պահլավունին, MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործը կա՝ հետ չի վերցրել, բայց դեռ գործով որևէ տեղաշարժ չկա։
«Դեռ որևէ պատասխան չկա, իրենք ինձ նամակ պիտի ուղարկեն, տեղեկացնեն, եթե որևէ նոր բան լինի, բայց դեռ որևէ բան չեն տեղեկացրել»,- ասաց պարոն Պահլավունին՝ հույս հայտնելով, որ մի պատասխան, ամեն դեպքում, կլինի ի վերջո։
-Իսկ Սարգիս Հովհաննիսյանը այս ընթացքում փորձե՞լ է հաշտվել Ձեզ հետ։
-Չէ, չէ, ոչ մի բան չի եղել։
-Շենքում դեմ առ դեմ հանդիպելու առիթներ լինո՞ւմ են, բարևո՞ւմ եք իրար։
-Դե, էդպես իրար տեսնում ենք, մի հարկում ենք աշխատում, բայց առանձնապես կոնտակտ չկա։
-Իսկ ինչպիսի՞ն է մթնոլորտը հիմնարկում, հատկապես՝ ձեր կոնֆլիկտից հետո, քանզի ասում են՝ բավականին լարված է մթնոլորտը ՋԷԿ-ում։
-Դե, ընդհանուր, կա ինչ-որ լարվածություն, դեռ պարզ չի, էլի։ Դե, հիմա, նախարար է փոխվել, դրա հետ կապված՝ երևի էստեղ էլ ինչ-որ փոփոխություններ լինեն, բոլորը ինչ-որ մի բանի սպասում են։ Միշտ նախարար կամ տնօրեն փոխվելիս մարդիկ ինչ-որ փոփոխությունների են սպասում։
-Իսկ նոր նախարարը տեղյա՞կ է ձեր կոնֆլիկտից կամ այցելե՞լ է «Երևանի ՋԷԿ» այս ընթացքում։
-Չէ, դեռ չի այցելել։
-Հնարավո՞ր է՝ տնօրենի կամ փոխտնօրենի փոփոխություն լինի։
-Չեմ իմանում, տեղյակ չեմ։
-Տիգրան Ավինյանի հետ զրուցե՞լ եք այս դեպքից հետո, ի՞նչ է ասում ինքը։
-Դե, տենց բան չի ասել, սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի, ինչ որոշում կկայացվի։
-Դուք աշխատանքից դուրս գալու մտադրություն ունե՞ք, թե՞ շարունակելու եք աշխատել՝ անկախ ամեն ինչից։
-Չէ, չէ, ես արձակուրդ էի, նոր եմ եկել գործի։
-Այո, ես իմացա, որ Ձեզ արձակուրդ էին ուղարկել, որ այդ լարված մթնոլորտում իրար չհանդիպեիք։
-Չէ, դրա հետ կապված չէր, ուղղակի արձակուրդային օրեր ունեի չօգտագործած, մինչև էդ դեպքն արդեն գրած էր գրաֆիկը։
Վահե Մակարյան