Իհարկե՜, ՀՀ-ն մեղավոր չի, Ռուսաստանն է մեղավոր 44-օրյա պատերազմում պարտվելու համար․ ռուս ռազմական փորձագետ

Խորհրդարանական քննիչ հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը «Իսկանդեր» հրթիռային համակարգը լիարժեք կիրառելու հնարավորություն չի ունեցել:
Ըստ նրա՝ «Իսկանդեր»-ը կոդավորված էր։ Այսպիսով Մելքոնյանը 2020 թվականի արյունալի պատերազմում պարտության մեղավորությունը բարդել է նաև Ռուսաստանի վրա... բոլորը մեղավոր են, բացի Փաշինյանից:
Թե ինչո՞ւ է Ռուսաստանը մեղավոր դուրս գալիս 44-օրյա պատերազմում և ինչո՞ւ է հիմա պարզվում, որ ռուսական կողմն է որոշում ինչ չափով պետք է օգտագործվեր «Իսկանդեր»-ը․ այս հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հետ։
«Ես չեմ կասկածում, որ ամեն ինչում միշտ մեղավոր է Ռուսաստանը։ Իհարկե, Հայաստանը ինքը ոչ մի բանում մեղավոր չի լինի։ Ճիշտ է, դա միայն Հայաստանում չէ և այդպես է միշտ բոլորի մոտ։ Իհարկե, ավանդաբար Ռուսաստանն է մեղավոր, որ Հայաստանը իր պատերազմում իր համար չպայքարեց»,- սարկազմով ասաց Խրամչիխինը։
Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավորի հայտարարությանը «Իսկանդեր» հրթիռային համակարգի լիարժեք կիրառելու հնարավորություն չունենալու մասով, փորձագետն ասաց, թե չի հասկանում` ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ է նշանակում լիարժեք։
Խրամչիխինը նշեց, որ եթե նրանք կոտրել են կոդը, ապա տարօրինակ է, որ այն նույնիսկ ընդհանրապես աշխատել է: Բացի այդ, իրենց ակնհայտորեն հայտնի էր, թե ինչ պայմաններում է վաճառվում «Իսկանդերը»։
«Ես վաճառքի տեխնիկական մանրամասներից տեղյակ չեմ, բայց ես կարող եմ ասել, որ, օրինակ, ամերիկացիները, ՄիԳ-35 ինքնաթիռը, որը նրանք վաճառում են շատ երկրների, ուղղակի ցանկացած պահի կարող են անջատվել հենց ԱՄՆ-ից»,- ասաց նա։
Խրամչիխինը նշեց, որ ընդհանուր առմամբ այս պրակտիկան լիովին նորմալ է: Ընդ որում, ամերիկացիները վաճառում են միայն իրենց ամենամոտ դաշնակցին։ Բայց անգամ այդ դեպքում ամեն վայրկյան կարող են անջատել։
«Քաղաքական իմաստով, իհարկե, ցանկալի է, որ Հայաստանը վերջապես նայեր իրեն և մեղավորներին չփնտրեր Ռուսաստանում կամ իր սահմաններից դուրս որևէ այլ տեղ։ Ձեր ղեկավարության մեջ ոչ ոք պատրաստ չէ ինքն իրեն նայելու։ Անհնար է ընդունել սեփական պատասխանատվությունը պարտության մեջ»,- եզրափակեց Խրամչիխինը։
Մարիաննա Արամյան