Ապացույցները ոստիկանների դե՞մ են. զավեշտ՝ արցախցի երիտասարդների գործով դատական նիստի ժամանակ

MediaHub-ը ամիսներ շարունակ ուշադրության կենտրոնում է պահում հադրութցի Մխիթար Օհանջանյանի դեպքը, ով աշխատանքից վերադառնալիս ձերբակալվել էր: Մխիթարի ու իր բախտակից մեկ տասնյակ ընկերների օրինակը, որոնց այսօր դատում են, ցույց է տալիս, որ իշխանությունը շարունակում է հետապնդել արցախցիներին, ովքեր սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում ներկա են եղել բողոքի ակցիային:
Հիշեցնենք, այդ օրը հազարավոր մարդիկ հավաքվել էին Երևանի կենտրոնական հրապարակում՝ պահանջելով ՀՀ իշխանություններին փրկել Արցախը:
Երկու օր առաջ տեղի ունեցավ Մխիթարի և 10 արցախցու գործով հերթական դատական նիստը, և սպասվում էր, որ անցյալ դատին չներկայացած ոստիկանները պետք է վկայություն տային, ինչպես նաև պետք է ցուցադրվեին տեսանյութերը, որոնք կապացուցեին, որ արցախցիներն արել են այն, ինչում իրենց մեղադրում են։
Ի՞նչ եղավ դատական նիստում. MediaHub-ը զրուցեց Մխիթարի մոր՝ Լիլիթ Մեսրոպյանի հետ։
«Ոչ մի նորություն էլ չկա, մի երկու տեսանյութ ցույց տվեցին, որոնց մեջ ոստիկանները, կարելի է ասել, աղբ էին հավաքում։ Տեսանյութում երևում է, որ ամբոխից շշեր են շպրտվում, իսկ ոստիկանները հետ էին շպրտում դրանք ամբոխի վրա։ Այսինքն, ոստիկաններն ավելի շատ խախտում էին արել, քան տեսանյությում երևացող մարդիկ, իսկ Մխիթարը տեսանյութներում ընդհանրապես չկար»,- ասաց մեր զրուցակիցը։
Տիկնոջ խոսքով՝ մնացածն էլ երևում էին, որ ամբոխի մեջ են, բայց ուրիշ բան չկար։ «Իրավաբանները շշեր շպրտելու փաստերը առաջ բերեցին, փետրվարի 29-ին էլ կմիջամտեն»,- ասաց Մխիթարի մայրը։
Թե ինչո՞ւ էին այդ տեսանյութերն ընտրվել որպես ապացույց, եթե դրանցում ոստիկանների խախտումներն են ավելի շատ երևում, հասկանալի չէ։ Գուցե այն պատճառով, որ այլ ապացույց դատական իշխանությունը չի՞ գտնում:
Հաջորդ դատական նիստը կայանալու է փետրվարի 29-ին։ «Սպասենք, տեսնենք՝ ինչ են անում»,- հավելեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից քայլեր ձեռնարկել Արցախի խաղաղ բնակիչներին ցեղասպանության ենթարկող ադրբեջանցիներից պաշտպանելու համար կամ էլ հրաժարական տալ:
Այդ օրը Կառավարության շենքի մոտ ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բավականին տուժած քաղաքացիներ կային:
Մարիաննա Արամյան