Մարդասպան ադրբեջանցուն բանտիկով տվեցին Բաքվին․ Զոհրաբյան

Մարդասպան ադրբեջանցուն բանտիկով տվեցին Բաքվին․ Զոհրաբյան

Երեկ 32 հայ գերիներ վերադարձան Հայաստան, նրանք «փոխանակվեցին» Հայաստան ապօրինի ներծուժած  երկու ադրբեջանցիների հետ, որոնցից մեկը՝ ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը, ցմահ ազատազրկման էր դատապարտվել ԶՊՄԿ պահնորդին սպանելու համար։

Հայ գերիների վերադարձն Ադրբեջանը ներկայացրեց որպես բարի կամքի ժեստ, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն էլ՝ որպես իրենց իշխանության ձեռքբերում և տված խոստումների ի կատար ածում։

Ինչևէ, որքան էլ կարևոր է մեզ համար հայ ռազմագերիների վերադարձը, և որքան էլ ուրախալի ու սպասված էր այդ լուրը, հարցեր կան, որոնց պատասխանները պետք է ստանալ։ Այսպես, առաջին հարցը, որ ծագում է՝ արդյո՞ք համարժեք էր հայրենիքի համար պայքարած ու գերության մեջ հայտնված տղաներին փոխանակել ՀՀ տարածք ներխուժածների հետ, որոնցից մեկը խաղաղ բնակչի էր սպանել։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը հստակ ու կոնկրետ է պատասխանում այս հարցին՝ ոչ։

«Քիչ առաջ ես խոսում էի ադրբեջանցու կողմից սպանված Հայրապետ Մելիքսեթյանի դստեր՝ Անիի հետ։ Աղջիկն անզորությունից լացում էր, որ իր հորը սպանող մարդասպան վիժվածքին «բանտիկը վրան» հանձնել են Ադրբեջանին, ու ադրբեջանական տելեգրամյան ալիքներով էլ սկսեցին հայտարարել, որ իրենց ազգային հերոսն է վերադառնում։ Սրանք այնքան անամոթ են, որ ինչ-որ կերպ ընտանիքին էլ չեն տեղեկացրել, նախապատրաստել այս ամենին։ Իրենք մամուլից են իմացել, որ երկու մարդասպան վիժվածք փոխանակվում է գերիների հետ»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը։

Նախկին պատգամավորը համեմատական անցկացրեց հայասպան Ռամիլ Սաֆարովի դեպքի հետ, որին Հունգարիան հանձնեց Բաքվին, ու որին Բաքուն ազգային հերոսի կոչում տվեց։

«Նույն պատկերն է, բայց այս անգամ Բաքուն որպես բարի կամքի ու մարդասիրության ժեստ է այս ամենը ներկայացնում, ու գլուխը պատին է տալիս, քանի որ գերիներին Ադրբեջանը պետք է վերադարձներ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո։ Իսկ սա ժեստ է խաղաղության պայմանագրից առաջ, քանի որ, ըստ Բայրամովի, խաղաղության պայմանագրի օրակարգը թելադրում է Ադրբեջանը, ու հիմա էլ ուզում է աշխարհի առջև խաղաղասեր երևալ։ Ես չեմ զարմանա, որ այս ամենից հետո Ալիև-Փաշինյան դուետը հավակնի խաղաղության Նոբելյան մրացանակին։ Ես սա բացարձակ առանց հեգնանքի եմ ասում»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Բացի այդ, նա հիշեցրեց, որ Ադրբեջանը վերադարձրել է 32 հոգու և հայտարարում է, որ ևս 23 հոգի է մնում ադրբեջանական բանտերում, բայց հայկական իրավապաշտպան կազմակերպությունները բազմաթիվ ապացույցներ են ներկայացրել, որ մի քանի տասնյակ հայեր ադրբեջանական բանտերում են։

Ըստ Զոհրաբյանի՝ ևս 80 հոգի դեռ մնում է ադրբեջանական բանտերում։ 

«Մենք չորս կին ռազմագերի ունեինք, որոնցից միայն Մարալը վերադարձվեց, իսկ մյուսների մասին խոսք չեղավ։ Ինչևէ, ես հույս ունեմ, որ վերադարձած տղաները կկարողանան հաղթահարել հոգեբանական խնդիրները ու վերադառնալ բնականոն կյանք»,- ամփոփեց խոսքը Նաիրա Զոհրաբյանը։

Նարե Գնունի