«Վերջին անգամ այս ձեռքերն են գրկել իմ Նվերին» ... մայրը համբուրել է որդու դին հայտնաբերած տղայի ձեռքերը

«Վերջին անգամ այս ձեռքերն են գրկել իմ Նվերին» ... մայրը համբուրել է որդու դին հայտնաբերած տղայի ձեռքերը

«Մեր ապրումները սեպտեմբերի 19-ից առ այսօր նույնն է անսահման ցավ, կարոտ, վիշտ, կուտակվող ու խորացող թախիծ». MediaHub-ի հետ զրույցն այսպես է սկսում Մարին, խոսելով եղբոր՝ Նվեր Օհանյանի մասին։ 

Ընդամենը 19 տարեկան էր Նվերը, երբ իննամսյա շրջափակումից հետո Արցախի դեմ  Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց։ Քույրն ասում է Չարեքտարի դիրքերում էր, բայց սեպտեմբերի 15-ի հերթափոխով պետք է վերադառնար տուն, Հաթերք, որտեղ նրան սպասում էր իր բազմադամ ընտանիքը։ Լինելով տան 5-րդ երեխան, Մարին ասում է Նվերին բոլորից տարբերում էին, առավել սիրում, իսկ նրա խոսքը, չնայած տարիքին՝ ավելի հասուն էր ու ծանրակշիռ։ 

«Շատ սիրված ու հարգված էր բոլորի կողմից, չգիտեմ ինչպես կարելի է նկարագրել մարդու բնավորությունը, բայց իրեն բնորոշ էր մեծահոգությունը բոլորի հանդեպ ու  յուրահատուկ էր ամեն ինչում, խոսքը կարճ ու իմաստավորված», -ասում է քույրը։

Դիրքերից չվերադարձավ։ Վերջին անգամ խոսել է հարազատների հետ, վստահեցրել, որ ամեն բան կարգին է իր մոտ, բայց դիրքերում կմնա ևս մեկ շաբաթ։ Տնեցիների հարցերին չի պատասխանել, ընդամենն ասել է «պետք է, պիտի մնանք»։ 

«Նվերը Չարեքտարի 53 մարտական դիրքում էր, երբ սկսվեց պատերազմը։ Մենք գյուղում էինք։ Ժամը 13։10-ին լսվեցին պայթյուններ ու սկսվեց ահավոր խառնաշփոթ, վախ ու անհանգստություն։ Մենք անընդհատ փորձում էինք լուր իմանալ դիրքերից, չնայած այդ ուղղությամբ հնչող ձայներն արդեն հուշում էին, որ մարտերը Չարեքտարում թեժ են», -ասում է Մարի Օհանյանն ու ավելացնում, որ հետո են լսել Նվերի սխրագործությունների մասին, որ միևնույն դիրքում կռվել է միանգամից մի քանի զենքով, չնայած ինքը հակատանկային ուժերում էր (կոռնետ)։ 

«Պատմել են, որ կռվից մի քանի ժամ անց, Նվերը մնալով միայնակ իր դիրքում, «ռացիայով» կապ է հաստատել Հաթերքի շտաբ ու տեղեկացրել, որ "վերջին տանկն ա, խփում եմ, դիրքը չեմ տա՝ եթե օգնող ուժ հասնի'"»։

Նվերը մինչև վերջին շունչը մնաց իրեն վերապահված դիրքում՝ աչքը օգնության ճանապարհին, որն այդպես էլ չհասավ։ 

«Ոչ մի տեղից պատասխան չստացանք, ոչ մեկ պատասխանատվություն չկրեց», -վշտանում է Մարին։ 

Դիրքերում տասնյակների հասնող դիեր կային, նույնքան՝ անհայտ ճակատագրեր։ Ընտանիքը, որ սեպտեմբերի 20-ի առավոտյան տարհանվել էր Հաթերքից, գտնվում էր հուսահատության մեջ։ Հրադադարից հետո սկսվեց որոնողական աշխատանքները։ «Հարությունագոմերից Անդրանիկ անունով մի տղա ուղեկցել է փրկարարներին, նրա եղբայրը ևս անհետ կորած էր համարվում։ Նա պատմել է, որ նույն դիրքում քարերի տակ տեսել է զինվորի ոտքեր, մոտեցել, քանդել ու տեսել է Նվերին, ճանաչել նրան և իր եղբոր հետ իջեցրել դիրքերից»։ 

Նվեր Օհանյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Մայրը մի օր Եռաբլուրում ծանոթացել է Անդրանիկի հետ, համբուրել նրա ձեռքերը,  ասել   «վերջին անգամ այս ձեռքերն են գրկել իմ Նվերին»։ 

Մեր զրուցակիցն ասում է, որ Նվերից մնացել է իր ոսկյա շղթան, որ հանել ու փոխանցել են ընտանիքին՝ զոհվելուց հետո։ Տանը նրա հուշանկյունին մշտապես բուրող ծաղիկներ են, հագուստը, որ Արցախից են բերել, ու դրամապանակը, պահում են որպես քաղցր հուշ...

Հունան Թադևոսյան