Իրենք չեն գտնում, որ խախտում տեղի չի ունեցել, այլ գտնում են՝ հարցը քննության ենթակա չէ․ Գյուլումյանը՝ ՄԻԵԴ որոշման մասին

Դեկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» թիվ 25240/20 գործով որոշումը։ Եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորների և Սահմանադրական դատարանի նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի։
Եվրոպական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ ներկայացված գանգատներում բարձրացված պահանջները Կոնվենցիայի տեսանկյունից անընդունելի են ratione materiae՝ Կոնվենցիայի կողմից պաշտպանության ենթակա իրավունքի բացակայության հիմքով:
ՍԴ նախկին անդամ և այս դիմումի շահառու Ալվինա Գյուլումյանը Mediahub-ի հետ զրույցում նախ ասաց, որ ծանոթ չէ վճռին, հետո հստակեցրեց՝ վճռի միայն եզրափակիչ մասին է ծանոթ, հիմնավորումները դեռ չի կարդացել։
-Ձեր գործը ՄԻԵԴ-ը երկար ժամանակ քննեց ու վերջում մերժեց, ու ստացվում է՝ իրավունքի խախտում տեղի չի ունեցել այս իշխանության կողմից։
-Իրենք չեն գտնում, որ խախտում տեղի չի ունեցել, իրենք գտնում են, որ հարցը քննության ենթակա չէ, դրանք տարբեր հասկացություններ են։
-Այո, ասում են, որ բարձրացված պահանջները Կոնվենցիայի տեսանկյունից անընդունելի են ratione materiae՝ Կոնվենցիայի կողմից պաշտպանության ենթակա իրավունքի բացակայության հիմքով:
-Ավելի շուտ այն հիմքով, որ Սահմանադրական դատարանի անդամների վեճը գտել են, որ 6-րդ հոդվածը դրանց վրա չի տարածվում, 8-րդը կիրառելի չէ տվյալ պարագայում, սա է։ Ես զուտ եզրակացությունն եմ կարդացել, բայց թե ինչպես են հիմնավորում՝ ունենալով լեհական գործերը, ունենալով Հաագայի գործերը, դա արդեն ուրիշ հարց է։
-Իսկ հիմնավորումներին ծանոթանալուց հետո ինչ-որ բան մտադի՞ր եք անել, քանզի սա վերջին էր, որ կարելի էր դիմել։
-Դեռ, չգիտեմ, չեմ կարող ոչինչ ասել։
Վահե Մակարյան