Բերման են ենթարկված 40-ից ավելի անդամներ՝ Երևանում և Ոսկեպարում. ոստիկանությունը խուզարկում է

Բերման են ենթարկված 40-ից ավելի անդամներ՝ Երևանում և Ոսկեպարում. ոստիկանությունը խուզարկում է

Այսօր մեզ հասցեագրվել են ահազանգեր, որոնց համաձայն` Ոստիկանությունն օրենքի խախտմամբ բերման է ենթարկում «Մարտական եղբայրություն» խմբի անդամներին՝ «ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելու» հանցանք կատարելու կասկածանքով: Այդ մասին ասվում է ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի տարածած հայտարարությունում․

Ըստ ահազանգերի` Ոստիկանության այսօրվա գործողություններից մոտ մեկ շաբաթ առաջ խումբը ծանուցում էր ուղարկել իրավասու մարմիններին՝ Ոսկեպար իրենց այցի վերաբերյալ: Մարտի 22-ից, այսինքն` ուրբաթ օրվանից խմբի անդամներին զանգել են Ոստիկանությունից և «հրավիրել զրույցի»: Մեծ մասը չի գնացել` նշելով, որ հրավերներն անօրինական են:

Ըստ մեզ հասցեագրած ահազանգերի` երեկ խմբի անդամները Ոստիկանությունից ստացել են զգուշացումներ այն մասին, որ խմբի անդամներից որևէ մեկը չի հասնելու Ոսկեպար, եթե որոշեն իրականացնել այցը: Ոստիկանությունից իրենց սպառնալիքով տեղեկացրել են` քանի որ «Մարտական եղբայրությունը» մարտական պարապմունքներ է վարում, այդ փաստը կասկածի տակ չի դնի ձևավորելու հանրային ընկալում այն մասին, որ խումբն ապօրինի զենք-զինամթերք է կրում:

Ահազանգի պնդմամբ` «Մարտական եղբայրությունը» արդեն մեկ տարի է, ինչ ունի համապատասախան թույլտվություն և կնքված հուշագիր Նոյեմբերյանի համայնքապետարանի հետ՝ պարապմունքներ իրականացնելու վերաբերյալ ու իրենց կողմից օգտագործվեղ բոլոր զենքերի համար առկա են համապատասխան թույլտվություններ:

Բայց հաշվի առնելով ձերբակալվելու Ոստիկանության նախազգուշացումը՝ իրենք որևէ տեսակի օրինական զենք կամ զենքի կաղապարվածք իրենց հետ չեն ունեցել:

Այսօր առավոտյան խմբի անդամների մեկնելու պայմանավորված վայրում՝ Երևանի Աբովյան 60 հասցեում, նրանց արդեն սպասելիս են եղել ոստիկանության ներկայացուցիչները, որտեղ գտնվող բոլոր անդամներին բերման են ենթարկել:

Խմբի այն անդամները, ովքեր պատերազմի և/կամ նախկինում ռազմական գործողությունների են մասնակցել և ունեն որոշակի հանրային ճանաչում՝ բերման են ենթարկվել հենց իրենց տներից կամ տանից դուրս գալիս:

Բերման են ենթարկված 40-ից ավելի անդամներ՝ թե´Երևանում, թե´ Ոսկեպարում:
Վերջիններիս մի մասին Ոստիկանության ներկայացուցիչները Ոսկեպարում են հայտնել, որ նպատակահարմար չէ նրանց այդտեղ գտնվելը:

Ահազանգերը հայտնել են, որ Ոստիկանությունն անձանց բերման ենթարկելիս կիրառել է օրենքը խախտող անհամաչափ ուժ:

Բացի խմբի անդամներին բերման ենթարկելուց, խմբի անդամների ներկայացուցիչների տեղեկությունների համաձայն՝ Ոստիկանությունը սկսել է համատարած խուզարկություններ: Ըստ ահազանգի՝ դրանք առանց դատարանի համապատասխան որոշման են:

Բերման ենթարկվածներին չի տրվել զանգի կամ տեղեկացնելու հնարավորություն: