Կառավարության անդամները հաստատում են, որ Ավինյանն ապօրինի է ստանձնել քաղաքապետի լիազորությունները․ ավագանու անդամ

Կառավարության անդամները հաստատում են, որ Ավինյանն ապօրինի է ստանձնել քաղաքապետի լիազորությունները․ ավագանու անդամ

Կառավարության անդամները կամա թե ակամա հաստատում են, որ Տիգրան Ավինյանն ապօրինի է ստանձնել Երևանի քաղաքապետի լիազորությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։

«Ինչպես հայտնի է, «Մայր Հայաստան» խմբակցության որոշմամբ դիմել եմ դատարան՝ Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման ոչ իրավաչափությունը ճանաչելու և քաղաքապետի լիազորությունների ստանձնման նոր նիստ նշանակելու հայցով:

Հոկտեմբերի 13-ին Ավինյանի երդման արարողության նիստը քվորում, այսինքն՝ ավագանիների առնվազն կեսից ավելիի ներկայություն չի ունեցել, հետևաբար, նա չէր կարող երդվել ու ստանձնել քաղաքապետի լիազորությունները:

Ակնկալում ենք, որ դատարանն օրենքով կառաջնորդվի և կբավարարի մեր հայցը:

Ի դեպ, Ավինյանի թիմակիցները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նրա տեղակալ Վաչե Տերտերյանը, ԱԺ-ում թեմային անդրադառնալով՝ հաստատել են, որ համայնքների ավագանիների նիստերը, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի երդման արարողության նիստը, պետք է իրավազոր լինեն, իսկ դա հնարավոր է միայն քվորումի ապահովման դեպքում:

Այնպես որ, Երևանի քաղաքապետարանում այս կարևորագույն հարցում կա ապօրինություն՝ այդտեղից բխող հետևանքներով»,- գրել է նա։