Փաշինյանի գեղեցիկ խոսքերը ոչ մի բանի մասին են

Փաշինյանի գեղեցիկ խոսքերը ոչ մի բանի մասին են

Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստի մեկնարկին, ավանդույթի համաձայն, դարձյալ խոսել է Ադրբեջանի ցեղասպան օրակարգի մասին, կրկին ասել է, թե ինչ պիտի անեն Մոսկվան, միջազգային հանրությունը:

Վարչապետի գնահատականները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, ադեկվատ են: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Փաշինյանը կատարում է ոչ թե վարչապետի, այլ լավագույն դեպքում՝ փորձագետի գործառույթ ու այդպես էլ հստակ չի նշում իր կառավարության անելիքները:

«Մեզնից և միջազգային հանրությունից պահանջվում է կոնկրետ և անկեղծ ջանքեր՝ իրադրության հետագա լարում թույլ չտալու և համապարփակ կարգավորման հասնելու համար։ Հայաստանը շարունակելու է այս ուղղությամբ բոլոր ջանքերի գործադրումը և դրան զուգահեռ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը», - ասել է գործադիրի ղեկավարը՝ շեշտելով՝ Ադրբեջանի ջանքերը Լեռնային Ղարաբաղը վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվեն, և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է Լեռնային Ղարաբաղում։

«Որպես առաջին քայլ, անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործողումը», - եզրափակել է Փաշինյանը։

«Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայություն» կարող են ապահովել միայն միջազգային կառույցները, օրինակ՝ ՄԱԿ ԱԽ-ն կամ ԵԱՀԿ-ն, որոնք որոշումները կայացնում են կոնսենսուսով:

Վստահաբար ՄԱԿ ԱԽ-ն կոնսենսուսային որևէ որոշում չի կարող կայացնել ու ցանկացած հարցով. այսպիսին է գլոբալ հակադրության տրամաբանությունը: Նույնը վերաբերում է ԵԱՀԿ-ին, որտեղ Ադրբեջանն ունի վետոյի իրավունք:

Ստացվում է՝ Փաշինյանի գեղեցիկ խոսքերը ոչ մի բանի մասին են՝ հասցեագրված ներքին լսարանին:

Վահրամ Բագրատյան