Հրաժարվել են պարտականությունները կատարել. ՊՆ բարձրաստիճան զինվորականների մեղադրանք է առաջադրվել
Գնդապետ Ա.Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին, բացահայտ հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց:
Մասնավորապես՝ գնդապետ Ա.Գ.-ն, լինելով ՊՆ զորամասի առանձին մոտոհրաձգային գնդի բոլոր զինծառայողների պետը, հնարավորություն ունենալով ռազմական տեխնիկայի բոլոր միջոցների կրակով կասեցնել հակառակորդի առաջխաղացումն ու տարածումը, 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, չի կատարել հակառակորդին դիմակայելու, նրան դիմադրություն ցույց տալու, վերջինիս առաջխաղացումն այդ ուղղությամբ կասեցնելու, ինչպես նաև ենթակա գումարտակների անձնակազմները ղեկավարելու վերաբերյալ իր անմիջական պետի՝ «Փիլոյան» խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Ա.Փ.-ի՝ օրինական և սահմանված կարգով տրված բանավոր հրամանը:
Ա.Գ.-ն պատճառաբանել է, որ գտնվում է բարոյահոգեբանական ընկճված վիճակում, հրաժարվել է մեկնել առաջնագիծ, ղեկավարել ենթակա անձնակազմին՝ այդ կերպ ռազմական դրության ժամանակ հրաժարվելով զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից, որը զուգորդվել է դրանց փաստացի չկատարմամբ։
Մեկ այլ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ փոխգնդապետ Ս.Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնը, 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, բացահայտ հրաժարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ:
Մասնավորապես՝ փոխգնդապետ Ս.Մ.-ն, հնարավորություն ունենալով ռազմական տեխնիկայի բոլոր միջոցների կրակով կասեցնել հակառակորդի առաջխաղացումն ու տարածումը, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, չի կատարել իր անմիջական պետի՝ գեներալ-մայոր Ա.Փ.-ի՝ օրինական և սահմանված կարգով տրված բանավոր հրամանը: Մասնավորապես՝ Ս.Մ.-ն զինծառայողների խմբեր չի կազմել, բնագիծ չի վերադարձել, բացահայտ հրաժարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ։
Դատախազի որոշմամբ, 2023 թվականի մայիսի 31-ին Ա.Գ.-ի և Ս.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը):
2023 թվականի հունիսի 22-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունները և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: