Արցախից տեղահանվածների խնդիրներն ու մտահոգությունները ներկայացվել են ԱՄՆ դեսպանատան պաշտոնյային

Արցախից բռնի տեղահանվածների իրավական, սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրներին անդրադարձել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ջեֆրի Ուորները։ Վերջինս ընդունել է արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին։
«Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ներկայացրել եմ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղահանված հայրենակիցների ունեցած մտահոգություններն ու դժգոհությունները և դրանով պայմանավորված վերջին հանդիպումները ՀՀ Կառավարության անդամների և ներկայացուցիչների հետ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Լիաննան:
Նրա խոսքով՝ Ջեֆրի Ուորների հետ քննարկվել են նաև Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների միջազգային իրավուքների պաշտպանության և իրացման, գերիների և պատանդառված անձանց վերադարձի և միջազգային պաշպանության, անհայտ կորած անձանց մասին տեղեկությունների բացակայության մասին։
«Նաև ներկայացրել եմ այն բոլոր խնդիրների մասին, որոնց բախվում են արցախցիները։ Դրանցից է, օրինակ, Արցախում հոգևոր, մշակութային արժեքների և գերեզմանների պահպանման հարցը, 070 կոդով անձնագրով մուտքի վիզայի տրամադրման խնդիրը, ինչպես նաև ուսանողների համար կրթաթոշակների և փոխանակման ծրագրերի հնարավորությունները»,- հավելեց նա։
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կապը և քննարկումները։
Հունան Թադևոսյան