Դատախազությունն ընթացք կտա Վադիմ Ֆեֆիլովի դիմումին

Ավելի վաղ գրել էինք, որ ոմն Սամվել Շիրինյան անարգել է Երևանի Արաբկիր համայնքի Վահագն Դավթյան զբոսայգում գտնվող «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողը: Դա արվել է պաշարման 80-րդ տարելիցին:
Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը առավոտյան դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ քաղաքացի Սամվել Շիրինյանի գործողությունները ստուգելու խնդրանքով:
«Անթույլատրելի ենք համարում այն գործողությունները, որոնք ազգամիջյան երկպառակտություն են հրահրում և այլատյացության հիման վրա բռնության կոչ են անում Հայրենական մեծ պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունների և Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած արտահայտությունների նկատմամբ»,- նշել է Ֆեֆիլովը:
MediaHub-ը գլխավոր դատախազության լրատվական վարչությունից հետաքրքրվեց՝ ընթացք տրվե՞լ է Ֆեֆիլովի դիմումին:
«Դատախազությունը օրենքով սահմանված կարգով դիմումին ընթացք է տվել»,- պատասխանեցին կառույցից։
Հիշեցնենք, որ Լենինգրադի բնակիչները 872 օր անմարդկային ու սարսափելի տառապանքների միջով են անցել: Եվ շատերը վերջին ամիսներին Լենինգրադի բլոկադան համեմատում էին Արցախի բլոկադայի հետ, ու անգամ սա ետ չպահեց այդ Շիրինյանին հուշակոթողը պղծելու մտադրությունից:
Վերջինս անգամ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է, որպես «իրական տղամարդ», մոտենում կոթողին, ապա տապալում դրա մոտ դրված ծաղկեպսակները, պատռում ռուսական եռագույնով ժապավենները, տրորում դրոշը: Իր այս հերոսությունը Շիրինյանը բացատրել է նրանով, թե դժգոհ է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունից, երբ վերջինս, ի պատասխան Արցախում էթնիկ զտումների մասին պնդումներին, առաջարկել է հղում տալ որևէ միջազգային կազմակերպության, օրինակ՝ ՄԱԿ-ի փաստաթղթի կամ հայտարարության, որտեղ նշվում է, որ նման էթնիկ զտումներ են եղել։
«Լենինգրադի պաշարման մասին էլ որեւէ փաստաթուղթ չկա»,- ի պատասխան ասում է Սամվել Շիրինյանը:
Մարիաննա Արամյան