Համաձայնություն՝ առանց բովանդակային հստակության

Նախապես հայտարարված ժամկետից երկու ամիս անց Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրին և ստորագրեցին՝ ինչ սկզբունքների հիման վրա են շարունակելու սահմանազատումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է՝ սկզբունքներն ամրագրող կանոնակարգը ստորագրվել է հենց այսօր և արդեն սկսվել է փաստաթղթի ներպետական համաձայնեցման գործընթացը: Արտգործնախարարության հաղորդագրությունից կես ժամ անց վարչապետի աշխատակազմը մանրամասնել է՝ կանոնակարգը ստորագրվել է բնօրինակ փաստաթղթերը դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով:
Փաստաթուղթը կհանրայնացվի երկուշաբթի և, թերևս, այդ օրը պարզ կլինի՝ Բաքուն համաձայնե՞լ է կոնկրետ քարտեզով առաջնորդվել դելիմիտացիա/ դեմարկացիայի գործընթացում, թե՞ կրկին Երևանն է տեղի տվել ադրբեջանական ճնշումներին:
Արդյո՞ք կանոնակարգի ուշացման պատճառը քաղաքական էր, թե՞ գործ ունենք տեխնիկական խնդիրների հետ:
Եվ վերջապես՝ որևէ կապ գոյություն ունի՞ համաձայնեցված փաստաթղթի և Պուտինի տարածաշրջանային վերջին ակտիվության միջև:
Գուցե այս հարցերից որոշների պատասխանը ստանանք արդեն վաղը, մանավանդ, որ տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի ասուլիսը:
Վահրամ Բագրատյան