Ստամբուլում ստորագրված համաձայնագիրը ուժի մեջ կլինի 120 օր. Կիեւ

Ստամբուլում ստորագրված համաձայնագիրը ուժի մեջ կլինի 120 օր. Կիեւ

Ստամբուլում ստորագրված համաձայնագիրը, ըստ որի Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի եւ այլ մթերքների արտահանում է իրականացվելու, ուժի մեջ կլինի 120 օր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը։

«Փաստաթուղթն ուժի մեջ կլինի ստորագրման օրվանից 120 օր եւ կարող է երկարաձգվել նույն ժամկետով, եթե կողմերից մեկը չհայտարարի այն դադարեցնելու իր մտադրության մասին»,- գրել է նախարարը։

Նա ընդգծել է, որ ուկրաինական Օդեսայի, Չորնոմորսկի եւ Յուժնի նավահանգիստներում գործունեությունն ու հսկողությունը կիրականացվեն Ուկրաինայի լիազորությամբ եւ պատասխանատվությամբ։ Այսինքն՝ ուկրաինական նավահանգիստների նկատմամբ վերահսկողությունն ամբողջությամբ մնում է ուկրաինական կողմին։ «Որեւէ այլ նավերի տեղաշարժ, բացի նրանց, որոնք պետք է ապահովեն հացահատիկի եւ դրա հետ կապված պարենային ապրանքների արտահանումը, նախատեսված չէ»,- ասել է Կուբրակովը։

Պայմանավորվածությունների համաձայն՝ Ուկրաինայի տարածքային ջրերում բոլոր գործողություններն իրականացվելու են Ուկրաինայի լիազորությամբ եւ պատասխանատվությամբ։

Համաձայնագիրը նախատեսում է, որ Ստամբուլում, ՄԱԿ-ի հովանու ներքո, Համատեղ կոորդինացիոն կենտրոն (ՀՎԿ) է ստեղծվում՝ Ուկրաինայի, Թուրքիայի, ՄԱԿ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կզբաղվի պայմանավորվածությունների իրականացման ընդհանուր մոնիտորինգով եւ համակարգմամբ, դեպի ապաշրջափակված ուկրաինական նավահանգիստներ մեկնող նավերի գրանցմամբ, նավերի տարանցման եւ նավահանգիստներ մուտքի ժամանակացույցի հաստատմամբ:

Բացի այդ, բոլոր կողմերի մասնակցությամբ հատուկ տեսչական խմբեր են ստեղծվում, որոնք ստուգում են նավերը չթույլատրված բեռի եւ անձնակազմի առկայության համար: Այդ խմբերը կաշխատեն թուրքական նեղուցի (Բոսֆորի նեղուց) նավահանգիստներում, որը նախապես կսահմանվի թուրքական կողմի կողմից։

Ենթակառուցվածքների նախարարությունում ընդգծում են, որ համաձայնագրի շնորհիվ Ուկրաինան կկարողանա արագ արտահանել պահեստներում մնացած մոտ 20 միլիոն տոննա հացահատիկը, տեղ բացել նոր բերքի համար, ինչպես նաեւ լրացուցիչ արտարժութային եկամուտներ ներգրավել տնտեսություն։