«Տաքսիները «ձեռ են առնում», 3 կմ համար 2900 դրամ վճարելը աննորմալություն է»․ երևանյան տաքսիների աներեսության ռեկորդը

«Տաքսիները «ձեռ են առնում», 3 կմ համար 2900 դրամ վճարելը աննորմալություն է»․ երևանյան տաքսիների աներեսության ռեկորդը

Առավոտն այսօր սկսվեց կանգառներում ահռելի հերթերով ու գործադուլով՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ առանց որևէ նախնական ծանուցման հրաժարվել են դուրս գալ երթուղիներ։

Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանից, վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում «անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով».

«Ինչպես գիտեք, վերջին ամսվա ընթացքում հանրությանը պարբերաբար առիթ ենք ունեցել հայտնելու, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ էականորեն կրճատվել է ստվերային շրջանառությունը, և այս գործընթացը շարունակական է լինելու»,– նշում են քաղաքապետարանից։

Ըստ այս հաղորդագրության տրամաբանության՝ վարորդները դժգոհ են, որ ստվերային շրջանառությունը բացակայում է: Նշենք, որ վարորդների 15 օրվա վարձատրությունն առանց հարկերի (մաքուր աշխատավարձ) կազմում է՝  MAN՝ 401 500 ՀՀ դրամ,  Zhong Tong – 309 500 ՀՀ դրամ,  Gazel City – 219 500 ՀՀ դրամ:

Վերադառնանք երևանյան կոլապսին. MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել այսօր, որ հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլի հետևանքով տաքսիները գները դարձրել են ուղղակի աստղաբաշխական՝ աշխատանքի շտապող քաղաքացիների գրպանին հասցնելով մեծ հարված:

«Սովորական օր տնից մինչ աշխատավայր հասնելու համար «Yandex տաքսին» 700 դրամ էր գանձում, իսկ այսօր 1900 դրամ էր։ Սա ի՞նչ խայտառակություն է, տաքսի ընկերությունները չեն մտնում մարդկանց դրության մեջ, այլ հակառակը՝ էլ ավելի նեղություն են տալիս ժողովրդին»։

«Տաքսիստների աչքը լույս, այսօր այնքան գումար աշխատեցին... սովորական ժամանակ տալիս էի 800 դրամ, այսօր՝ 2000 դրամ»։

«Հալաբյանից կենտրոն հասնելու համար տաքսիները 2900 դրամ են ուզում, սա աննորմալություն է, բա ի՞նչ է լինելու, երբ տրանսպորտը թանկանա»։

«Տաքսիները լրիվ «ձեռք են առնում» մարդկանց, ընդհանրապես չեն մտնում դրության մեջ, հունվարի 1–ից էլ կթանկացնեն, քանի որ ավտոբուսներն էլ են թանկանալու: Այսօր գներին նայում էիր, սիրտդ կանգ էր առնում։ Ավտոբուսի վարորդներն էլ օրենքով աշխատելուց են բողոքում»։

Նշենք, որ այս պահի դրությամբ որոշ ուղղություններով ավտոբուսների շարժը վերականգնվել է։

MediaHub-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է մի շարք վարորդների ազատել աշխատանքից՝ որպես պատիժ իրենց հայտարարած գործադուլի։ Հույս ունեն, որ դրանով կկարգավորեն խնդիրը, այսինքն՝ մի քանի հոգու ազատելը մյուսներին դաս կլինի։

Մարիաննա Արամյան