Ալիևի ուլտիմատումը Փաշինյանին

Բաքուն պահանջում է Երևանից երաշխիքներ, որ ռևանշիզմի փորձեր չեն լինի։ Այդ հայտարարությամբ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Բաքվում «Ղարաբաղ. Վերադարձ տուն 30 տարի անց. Նվաճումներ և բարդություններ» խորագրով տեղի ունեցած համաժողովին:
Միայն այդ պարագայում է Ալիևը հնարավոր համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ալիևն, ըստ էության, առաջարկում է, որպեսզի Հայաստանն ընդունի իր բոլոր պահանջները և այսօրվա ստատուս-քվոն համարվի ստատիկ մի բան:
Սա առնվազն ենթադրում է, որ Ալիևի պատկերացրած փաստաթղթով պետք է սահմանափակվի, օրինակ, Հայաստանի ԶՈւ զարգացումը:
Կամ՝ եթե պաշտոնական Երևանը պահանջի արցախցիների վերադարձ իրենց հայրենիք, ապա Ալիևը դրա համար իր պայմանն է առաջարկում:
Ըստ Ալիևի՝ Ադրբեջանն է եղել խաղաղության գործընթացի նախաձեռնողը, առաջին փուլում հայկական կողմը ջանքեր է գործադրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը պայմանագրի նախագծում ներառելու համար, ինչը Բաքուն մերժել է: «Մեր դիրքորոշումն էր չանդրադառնալ այս հարցին, և տարածքային ամբողջականության ճանաչումը պետք է լինի փոխադարձ։ Ուստի մենք ասացինք, որ եթե տեքստում ներառված է Ադրբեջանում հայկական փոքրամասնության հարցն, ապա նույն կերպ այնտեղ պետք է ներառվի նաև Հայաստանից վտարված ադրբեջանցիների հարցը։ Նրանք էլ պետք է վերադառնան Հայաստան, ապրեն այնտեղ, նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է լիովին ապահովվի», - նշել է Ադրբեջանի ղեկավարը։
Նա պնդել է, թե հայ փոքրամասնության իրավունքները կապահովվեին։ «Ցավոք, հայկական կողմը մերժեց դա։ Սա անտրամաբանական էր, քանի որ մենք ոչ մի արտասովոր բան չէինք առաջարկում: Մենք միայն առաջարկել ենք պահպանել փոխադարձության սկզբունքը։ Մյուս տարբերակը թեմային ընդհանրապես չանդրադառնալն է: Կա՛մ խաղաղության պայմանագիրը կսահմանի երկու փոքրամասնությունների իրավունքները, կա՛մ մենք ընդհանրապես չենք խոսի այդ մասին»,- ասել է նա:
Ի հեճուկս մեր իրականության մեջ տարածված խոսակցությունների՝ Ալիևը չի հրաժարվել նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի օրակարգից:
«Ես հոգնել եմ ասել, որ մենք նպատակ չունենք զենքով գրավել միջանցքը, մենք կարող ենք այլ տարբերակներ դիտարկել, մենք կարիք ունենք Նախիջևանի և Թուրքիայի հետ կապի։ Նաև համաձայնել ենք իրանական կողմի հետ, որ շրջանցող ճանապարհ կառուցենք, այո, դա թանկ տարբերակ է, բայց շինարարությունն արդեն սկսել է, իսկ Հայաստանը շատ է կորցնում: Նրանք կարող են եվրոպական վարկերով կառուցել այդ 42 կմ ճանապարհը՝ իրենց սուվերենությամբ, բայց Ադրբեջան-Նախիջևան կապի համար դյուրին հասանելիությամբ»:
Այլ խոսքով, Ադրբեջանի նախագահն ակնարկում է, որ Ադրբեջան- Նախիջևան հաղորդակցությունը պետք է գործի առանց մաքսային և սահմանային վերահսկողության, ինչը շատ ավելի վատ ռեժիմ է, քան այն կարգավորումը, որը տեղ է գտել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:
Ընդհանուր գծերով սրանք են Ալիևի պահանջները, որոնք չընդունելու պարագայում Ադրբեջանի նախագահը հնարավոր է համարում անգամ պայմանագրի չստորագրումը: «Հույս ունեմ, որ երկար ժամանակ չի պահանջվի՝ համաձայնության գալու համար։ Բայց մի դիտարկում անեմ։ Խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ չի ներկայացնում խաղաղությունը։ Մենք բազմաթիվ խաղաղության պայմանագրեր գիտենք, որոնք չեղարկվել են, և գիտենք երկրներ, որոնք ապրել են առանց պայմանագրի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Իսկ ի՞նչ է պատասխանել Փաշինյանն Ալիևին:
Հայաստանի վարչապետը երեկ երկու անգամ ԱԺ-ում ելույթ ունենալու առիթ է ունեցել՝ բյուջետային քննարկումների և խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ու երկու դեպքում էլ գեներացրել է «ներկաներ-նախկիններ» թեման, հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի հարցին պատասխանելիս:
Փաշինյանի այս վարքագիծը հուշում է, որ նրան բացառապես հետաքրքրում է իր իշխանության պահպանման թեման, իսկ «նախկինների» օրակարգը նրա քաղաքական «թթվածինն» է:
Վահրամ Բագրատյան