Մենք խոսում ենք 32 հայի կյանքի մասին, այլ տարբերակ կա՞ր․ Բաքոյանը՝ ադրբեջանցի հանցագործներին վերադարձնելու մասին

Մենք խոսում ենք 32 հայի կյանքի մասին, այլ տարբերակ կա՞ր․ Բաքոյանը՝ ադրբեջանցի հանցագործներին վերադարձնելու մասին

Իսկ այլ տարբերակ կա՞ր, մենք խոսում ենք սկզբի համար 32 հայի կյանքի մասին և այո, պետք էր ամեն ինչ անել նրանց վերադարձնելու համար։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ խոսելով Ադրբեջանից 32 հայ զինծառայողներին և Հայաստանից 2 ադրբեջանցի զինծառայողներին ազատ արձակելու մասին։ 

MediaHub-ը Բաքոյանին փոխանցեց ԶՊՄԿ սպանված պահնորդի որդի Ժորժ Մելիքսեթյանի բողոքը։ Վերջինս ասում է, որ եթե ադրբեջանցին չգար, իր հորը չսպաներ, ապա 32 հայ զինծառայողները շարունակելու էին Բաքվում մնա՞լ։ Բաքոյանն ասաց, որ բնականաբար նման սցենար երբևէ չեն մտածել։ 

«Մեր երկիրը պատերազմող երկիր է, տարբեր դեպքեր են տեղի ունենում, և որևէ մեկը չէր սպասում, որ ադրբեջանցին մեր սահման էր ներթափանցելու ու մարդ սպանելու։ Այս դեպքերը վերջին շրջանում արտաքին մարտահրավերներով են պայմանավորված»։

Դիտարկմանը, որ գերիների վերադարձը ամրագրված էր նոյեմբերի 9-ի փաստաթղթով ու գործընթացը պետք է տեղի ունենար ավելի վաղ, վերջինս նշեց․

«Այդ փաստաթուղթը երեք կողմ ուներ և մյուս երկու կողմերն իրենց պարտավորությունները չեն կատարել, այդ փաստաթղթին եք հղում անում՝ մոռանալով, որ ռուսական ու ադրբեջանական կողմերն իրենց պարտավորությունները չեն կատարել։ Իսկ ո՞վ է ասում, որ մյուս կետերն ամբողջությամբ կատարվել են»,- նշեց Բաքոյանը ու դիտարկմանը, թե գուցե հայկական կողմից քաղաքական կամք էր պետք, արձագանքեց, որ հայկական կողմն իր օրինակով է փորձել կետերի կատարումը ցույց տալ, բայց մյուս կողմերը նույնը չեն արել։ 

Բաքոյանի խոսքով՝ 32 զինծառայողներն Ադրբեջանում դատապարտվել են 16 և ավելի տարիների ազատազրկման և Կառավարության աշխատանքի շնորհիվ նրանք վերադառնում են հայրենիք, իսկ մյուս գերեվարվածների վերադարձի համար տարվող աշխատանքների մասին մանրամասներ չներկայացրեց։

«Այդ հարցի հասցեատերը ես չեմ, բայց ես կարող եմ ասել, որ վստահաբար աշխատանքներ են տարվում»։

Լիաննա Թորոսյան