Փաշինյանի «տեսլականը»

Փաշինյանի «տեսլականը»

Հայաստանի կառավարությունը կանի հնարավորն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը շուտ կնքելու համար, բայց դա հնարավոր կլինի, միայն եթե երկու երկրները ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, երեկ կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարման զեկույցը խորհրդարանում ներկայացնելիս հայտարարել է Նիկոլ Փաշինյանը

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների և որոգայթների միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել»,- ասել է նա:

Հիմա՝ ըստ էության, ի՞նչ է նշանակում Փաշինյանի հայտարարությունը:

Դա այն մասին է, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվում է ԼՂ ինքնորոշման օրակարգից, թեև Փաշինյանն ուղիղ այդ մասին չի ասում:

Մյուս կողմից, սա նորություն չէ, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ դեռ մեկ տարի առաջ նույն Փաշինյանը խոսել է ԼՂ խնդրում նշաձողի իջեցման անհրաժեշտության մասին՝ իբրև թե միջազգային հանրության հորդորով կամ պահանջով:

Փաշինյանի երեկվա հայտարարության մեջ կա մեկ այլ հանգամանք, որն ուղղակիորեն առնչվում է Հայաստանին: Դա, այսպես կոչված, անկլավների հարցն է:

Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը, օրեր առաջ, ամերիկացի համանախագահ Բոնոյի հետ հանդիպման ժամանակ, ուղիղ տեքստով ասել էր, թե Հայաստանը պետք է իրենց վերադարձնի, այսպես կոչված, «օկուպացված» ութ գյուղերը:

Պաշտոնական Երևանից որևէ հակադարձում չէր հետևել և ահա՝ հնչում են Փաշինյանի երեկվա հայտարարությունը ու նաև երկիմաստ հայտարարությունները՝ «ցավոտ զիջումների» մասին:
Արդյո՞ք Փաշինյանը մտադիր է հանձնել, այսպես կոչված, անկլավները:

Վահրամ Բագրատյան