Տոնոյանը գնում է հանձնաժողով. ո՞րն է խնդիրը

Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողովում Փաշինյանի ելույթից հետո հայտարարությամբ է հանդես եկել նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նշել, որ այդ հանձնաժողովի հանդեպ ունեցած վերապահումներով հանդերձ որոշել է ներկայանալ՝ բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով:
Նա հիշեցրել է, որ հանձնաժողովի նախագահը մշտապես հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի իր մասնակցության հարցը լուծելու վերաբերյալ, սակայն մինչ օրս որևէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Տոնոյանն այդ հնարավորությունը սահմանափակելը համարում է իր սահմանադրական իրավունքների խախտում:
Այսպիսով, Տոնոյանը համաձայնել է վկայություն տալ Քննիչ հանձնաժողովում՝ թեև նախկինում պահանջում էր հրապարակային «առերեսում» կազմակերպել իր ու Փաշինյանի միջև:
Հազիվ թե Տոնոյանը փոխած լինի իր վերաբերմունքը հանձնաժողովի կողմնակալության վերաբերյալ:
Ուրեմն, ո՞րն է նրա խնդիրը:
Առաջին վարկածն այն է, որ նա որոշել է հանձնաժողովում բացահայտել Փաշինյանի ստերը: Բայց այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ հանձնաժողովը նախադրյալներ չի ստեղծի կալանավորված նախկին նախարարի հարցաքննության համար կամ դա կանի խիստ գաղտնի ռեժիմում՝ հասարակության համար անհասանելի դարձնելով Տոնոյանի բացահայտումները:
Իհարկե, տեղ ունի նաև երկրորդ վարկածը. դա այն մասին է, որ Տոնոյանի այս հայտարարությունը պարզապես ուղերձ է Փաշինյանին ու գուցե ստվերային առևտուր է տեղի ունենում՝ ՊՆ նախկին նախարարին ազատ արձակելու թեմայով:
Վահրամ Բագրատյան