«Պադվալում» մնալ չկարողացա, որովհետև սարսափելի էին լացի ձայները, բոլորը դիրքապահ ունեին, երեխաները դպրոցներում էին

«Պադվալում» մնալ չկարողացա, որովհետև սարսափելի էին լացի ձայները, բոլորը դիրքապահ ունեին, երեխաները դպրոցներում էին

«Արշակի հետ ամուսանացանք Արցախի համար ամենադժվար օրերին, երբ երկիրը շրջափակման մեջ էր։ Միջոցները սուղ էին, ձևաչափը՝ ոչ մեր պատկերացրածի պես։ բայց այնքան երջանիկ էինք, որովհետև Արցախում ապրելու համառ պայքար կար, լավ ապագայի հանդեպ հավատ ունեինք»,- MediaHub-ին պատմում է Օքսանա Հայրապետյանը։

Զինվորական ամուսնու հետ նա ծանոթացել է Արցախի շրջափակումից հաշված օրեր առաջ, սիրահարվել են, նշանադրվել ու սպասում էին ամռանն ամուսանանալ, մտածելով, որ գուցե այդ ժամանակ իրավիճակը փոխված կլինի, կյանքի ճանապարհը կբացվի, ու Հայաստանում ուսանող Արշակի եղբայրն էլ միջոցառմանը մասնակից կլինի։ «Արշակն ասաց թե՝ «չգիտենք` մինչ այդ ինչ կլինի, օր-օրի կյանքն ավելի է դժվարանում, քանի պլանավորել ենք, ամուսնանք»։ Մենք արդեն հարմարվել էինք բլոկադայի կյանքին․ հովհարային անջատումներին, առանց գազի ու առատ խանութներին, ժամերով հացի հերթ կանգնելուն ու դատարկաձեռն տուն գնալուն»,- ասում է մեր զրուցակիցը։

Հայրապետյանները մեծից փոքր զինծառայողներ էին, յուրաքանչյուրը մի առանձին պատմություն ունի, սակայն, Արշակը դիրքերում  էր գրեթե միշտ։ Երիտասարդ կինը հիմա երանությամբ է հիշում, որ այդ օրերին միակ մտահոգող խնդիրը ծխախոտն էր, որը վաղուց վերջացել էր Ստեփանակերտի խանութներում, դրա համար ամուսինն անցել է հին մեթոդին․ «Ինքը թութուն հավաքելու հարցում պրոֆեսիոնալ էր, ընկերներով ուրախանում էին, որ գոնե դա գտնվում էր։ Բերում էին, չորացնում, հետո թղթի մեջ հավաքում խնամքով։ Տղաների համար դժվար էր այդ առումով, բայց դրանից էլ էին հաճույք ստանում»։

Հեշտ չէր նաև Օքսանայի համար, քանի որ արդեն սպասում էր առաջնեկին։ Խանութներում միրգ-բանջարեղեն, իսկ դեղատներում համապատասխանաբար վիտամիններ չկային, իսկ հղիության ընթացքը ստուգելու համար, տրանսպորտի բացակայության պատճառով գործընթացը կազմակերպվում էր ոտքով։  

«Սեպտեմբերի 15-ին Արշակը պետք է նորից դիրքեր բարձրանար, բայց տագնապ հրամանով մի շաբաթ առաջ շուտ տարան։ Այդ ընթացքում խոսում էինք, ինքը վստահեցնում էր՝ «սաղ լյավա, ուղղակի ստուգումներ են իրականացնում, դրա համար ուշանում ենք», ես էլ հավատում էի։ Սեպտեմբերի 19-ին իմ հերթական ստուգման օրն էր։ Գնացի հիվանդանոց։ Ժամը 12-ին արդեն տուն էի վերադառնում ու զանգեց Արշակը, հարցրեց, թե ինչ են ասել բժիշկները։ Ես իմ ուրախությունն էի փոխանցում, որ մեր բալիկի հետ ամեն ինչ կարգին է, ընթացքը վատ չէ։ Ինքը ասաց, որ հետո կզանգի ու անջատեց հեռախոսը։ Ես եկա տուն, ու քանի դեռ լույս կար, որոշեցի ճաշ պատրաստել մերոնց համար։ Չհասցրեցի, որովհետև մերոնց տուն մտնելու հետ հավասար սկսվեցին առաջին կրակոցները»,- հիշում է մեր զրուցակիցը։ 

Կողմնորոշվելու համար, որ Արցախում պատերազմ է, Օքսանային ընդամենը վայրկյաններ էին պետք, որովհետև կրակը չէր դադարում։ Ընտանիքի անդամները փորձել են հանգստացնել նրան, հետո համոզել, իրենց հետ տարել շենքի ապաստարան։ 

«Թե որքան եմ զանգել, անընդհատ անհասանելի էր, իսկ ամեն պայթյունի հետ աչքիս առաջ Արշակն էր գալիս։ «Պադվալում» մնալ չկարողացա, որովհետև սարսափելի էին ձայները։ Բոլորը բարձրաձայն լաց էին լինում, որովհետև մեր հարևաններից յուրաքանչյուրի ընտանիքում դիրքապահ մարդիկ կային, բացի այդ երեխաների մի մասը դեռ դպրոցներում ու մանկապարտեզներում էին, պարզ էր, որ դուրս գալ հնարավոր չէ։ Ես չկարողացա երկար մնալ այնտեղ։ Քանի որ առաջին հարկում էր մեր տունը, ասացի՝ «ի՞նչ տարբերություն», ու եկա տուն։ Տնեցիների հեռախոսում «զարյադկա» չկար, համատարած անորոշությունը սպանում էր։ Մերոնք էլ գյուղում էին, այնտեղից էլ ոչ մի լուր»։

Երիտասարդ կինն ապահովության համար ավելի ուշ միացել է հարևաններին, որ իրար հույս տալով լուսացնեն ամենածանր գիշերը։ «Մեր հարևաններից մեկը, ում տղան ևս դիրքերում էր, բացել է ձմեռվա պաշարի համար նախատեսված պահարանը, առաջարկել իր պատրաստած պահածոները։ Նախընտրեցի պայածոյացված բիբարը։  Բացեց ու դրեց կողքիս թե՝ «5 կգ է, որքան կուզես կեր»»,- ասում է երիտասարդ կինը, ժպտում, հետո ինքն իրեն ուղղում, թե՝ «հիմա եմ այս դրվագը ժպիտով հիշում, այն ժամանակ ոչ մի րոպե արցունքներս չէին դադարում»։ 

Օքսանան ասում է, որ Արշակից լուր չունենալու պատճառով ընտանիքի անդամները գրեթե միմյանց հետ բառ չէին փոխանակում, խոսում էին իրար աչքերի նայելով ու ծանր շունչ քաշելու։ Սակայն, նրա մղձավանջը կրկնապատկվել է այն ժամանակ, երբ հարևանը սարսափահար պատմել է, որ Կարմիր գյուղն ու Խաչմաչն անցել է թշնամու վերահսկողության տակ։ 

«Հարազատներս Կարմիր գյուղում էին, ինչ ասես, որ չմտածեցի այդ պահին, գուցե սպանվել կամ հնարավոր է գերեվարվել են։ Չգիտեմ՝ դրանք ինչ օրեր էին։ Այնպիսի իրավիճակ էր, որ չգիտեի՝ Արշակի, դեռ չծնված երեխայիս թե՞ մերոնց համար մտածեի, ուզում էի խելագարվել, իսկ մերոնք ինձ հանգստացնում էին»։ 

Սեպտեմբերի 23-ին հերթական անորոշ օրն էր երիտասարդ կնոջ համար։ Պաշտպանության բանակի կազմաքանդման մասին լսել էր, հարևաններն ու ծանոթներից շատերն իջնում էին դիրքերից, զինաթափման գործընթացը սկսվել էր։

«Կեսօրն անց դուռը բացվում է, մեկ էլ Արշակի հորեղբոր կնոջ ուրախ ձայնն եմ լսում՝ «վայ, Արշակը եկավ»։ Չեմ հիշում, թե ինչ  զգացի այդ պահին, բայց տունը լցվեց ուրախությամբ, իր հետ բերելով ևս մի բարի ու սպասված լուր․ «Ձերոնք էլ ողջ-առողջ են ու գտնվում են 7-րդ դպրոցում։ Ասաց, որ գիշերը անտառներով են եկել, ոտքով, ու ոչինչ իրենց հետ չեն բերել։ Հագուստեղեն ու ուտելիք վերցրեցինք ու շտապեցինք դպրոց։ Հայրս, որ ամբողջ կյանքում ուսուցչությամբ է զբաղվել, միշտ կոստյումով եմ հիշում, այդ օրը մի հին սպորտային հագուստով ու հողաթափերով էր։ Սիրտս ցավաց այդ տեսարանից, իմ համագյուղացիներն իսկական դժողքի ճանապարհով են անցել»։ 

Սեպտեմբերի 25-ին Հայրապետյանները լքեցին Ստեփանակերտը։ Օքսանան իր հետ վերցրել է դեռ չծնված երեխայի համար գնված հագուստն ու փաստաթղթերը, ընտանեկան լուսանկարները։ Արշակի ավագ եղբոր՝ Արսենի ընտանիքի հետ բռնել գաղթի ճամփան։ 

«Մեքենայում 3 անչափահաս երեխա կար։ Հասկանալով, որ խցանումները շատ են, իսկ ուտելիքը՝ քիչ, տղաները սկսեցին երեխաների համար սնունդ հայթայթել։ Մի հոգի կարտոֆիլ տվեց, ճանապարհին կրակ վառեցին, կարտոֆիլը խորովեցինք ու տվեցինք երեխաներին, կողքի մեքենայից մի բարի մարդ մի քանի գդալ մեղր տվեց, ջրի հետ խառնեցինք, թեյի տեղ խմեցինք, այդպես հասանք Հայաստան»։

Դեկտեմբերի 10-ին լույս աշխարհ եկավ Արշակի ու Օքսանայի առաջնեկը։ Հորեղբոր պատվին նրան Արսեն անունն են տվել։  

«Ծնունդ ընդունող բժիշկները արցախցիներ էին, մեր սիրելի Վադիմ Օսիպովն ու Մանուշակ Սարգսյանը։ 4 ամսական բալիկս ծնվել է ճիշտ ժամանակին, ու ապրեցնում է բոլորիս։ Արցախի կորստի ու մեր կրած զրկանքներից հետո, հիմա սփոփվում ենք նրանով, որ երբ սեղան ենք նստում  բացակա մարդ չունենք»,- եզրափակեց Օքսանան՝ ափսոսալով միայն որ մի վերջին անգամ իր հայրական տուն գնալու հնարավորություն չունեցավ։

Հունան Թադևոսյան