Արցախի ԱԺ նիստը գումարվեց, քվորում կար. մանրամասներ նիստից

Արցախի ԱԺ նիստը գումարվեց, քվորում կար. մանրամասներ նիստից

Որքան էլ արցախցի պատգամավորները փորձում են թաքուն պահել ԱԺ նիստի անցկացման հարցը, MediaHub-ի աղբյուրները պնդում են ու հստակեցնում՝ դոկտեմբերի 2-ին Արցախի խորհրդարանը Երևանում նիստ է անցկացրել։ 

31 պատգամավոր քվորումն ապահովել է ու անցել օրակարգին, այն է՝ հանձնախմբեր ստեղծել։ 

«Արցախի բնակչության կոլեկտիվ վերադարձի իրավունքների, մշակութային ժառանգության հարցերով հանձնախմբի» ստեղծումն ապահովվել է 22 կողմ քվեով, ձեռնպահ են մնացել Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավորները։ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի վարած նիստից հետո տարբեր կարծիքներ են հնչել, մասնավորապես այն մասին, որ այս հանձնախմբերի ստեղծումն ու աշխատանքը պետք է հնարավորինս թաքուն լինի, որովհետև Ադրբեջանի ցանկացած ագրեսիա ՀՀ իշխանությունները կապելու են արցախցի պատգամավորների նախաձեռնության հետ։ Որոշել են հնարավորինս զգույշ լինել այս թեմայով, չմեկնաբանել, չզրուցել լրագրողների հետ ու որևէ պարզաբանում չտալ։ 

Մեր աղբյուրի փոխանցմամբ, արցախցի պատգամավորների մտահոգությունը մեկ անուն ունի՝ Նիկոլ Փաշինյան: Այսինքն, որ Ադրբեջանի ցանկացած սադրիչ, ագրեսիվ, հակահայ գործողություն այսուհետ վերագրվելու է արցախցի պատգամավորներին ու նրանց քայլերին: Ու քանի որ Նիկոլ Փաշինյանը միշտ մեղավորներ է փնտրում, ապա նրանց կկարգեն մեղավոր ամենի համար՝ թե՛ Բաքվի բանտերում գտնվող Արցախի քաղաքական էլիտայի, թե՛ հայ գերիների ճակատագրի համար, ինչպես նաև սահմանին իրավիճակի ապակայունացման,

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալման և մնացյալի համար:

Լիաննա Թորոսյան