«Աէրոֆլոտը» չի հրաժարվում ՀՀ-ից. Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսերն արդեն հասանելի են

«Աէրոֆլոտը» չի հրաժարվում ՀՀ-ից. Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսերն արդեն հասանելի են

Մի քանի ամիս է, ինչ համացանցում քննարկվում էր այն հարցը, որ «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը հաջորդ տարվա ապրիլից դադարեցնում է թռիչքները դեպի ՀՀ, քանի որ տոմսերը հասանելի չէին: 

Երկու ամիս առաջ MediaHub-ի հետ զրույցում ավիաընկերությունից պարզաբանել էին, թե ընկերությունը չվացուցակը վեց ամիս կտրվածքով է ներկայացնում, բայց պարզվեց՝ դա այդքան էլ այդպես չէ:

Այդպես, դեկտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանից Ռուսաստան կամ Ռուսաստանից Հայաստան՝ հաջորդ տարվա ապրիլից սկսած ուղիղ թռիչքներ չկային։ MediaHub-ը ստուգել էր, որ համակարգը ցույց էր տալիս միայն տրանզիտ տարբերակներ՝ Ստամբուլով, Դուբայով կամ այլ քաղաքով:

Բայց ահա դեկտեմբերի 18-ի դրությամբ արդեն ավիատոմսեր վաճառքի կան՝ ապրիլից մինչև հոկտեմբեր ամիսների համար։ 

Հիշեցնենք, ավելի վաղ MediaHub-ը կապ էր հաստատել «Աէրոֆլոտ» ընկերության հետ՝ ճշտելու, թե ի՞նչն է պատճառը, որ չեն բացել ուղիղ չվերթները.

«Ուղղակի չվերթների գրաֆիկները դեռ չեն հրապարակվել, խորհուրդ ենք տալիս նայել հունվարից։ Մեկ-մեկ լինում է, որ երկու ամիս առաջ ենք բացում չվերթները, դրա համար պետք է շուտ-շուտ նայել կայքում։ Այլ մեկնաբանություն այս պահին չունենք»,- ասել էր «Աէրոֆլոտ» ընկերության ներկայացիցիչը։

Նշենք, որ «Աէրոֆլոտ»-ի շուրջ այս իրավիճակը շատերը կապում էին հայ-ռուսական լարված հարաբերությունների հետ։

Մարիաննա Արամյան