Ալիևը ստո՞ւմ է․ Միգրացիոն ծառայությունից պնդում են՝ արդբեջանցիներից դիմումներ չեն ստացել

Ալիևը ստո՞ւմ է․ Միգրացիոն ծառայությունից պնդում են՝ արդբեջանցիներից դիմումներ չեն ստացել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, թե պատերազմից հետո շուրջ 300 հազար ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն, ու մինչ օրս դեռ պատասխան չեն ստացել։ 

MediaHub-ը փորձեց հասկանալ՝ իսկապես եղե՞լ է նման բան, վերջին վեց տարվա ընթացքում, այդ թվում՝ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանցիներ դիմե՞լ են, օրինակ, ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ Հայաստան վերադարձի և վերաինտեգրման պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ քաղաքացիություն ստանալու խնդրով, թե՞ Ալիևը ստում է և, այսպես ասած, «մուտիտ» գցում հայկական տեղեկատվական դաշտ։ Ուստի հարցում ուղարկեցինք ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ճշտելու այս հարցի պատասխանը։ 

Նաև խնդրել էինք նշել, թե քանի՞ այդպիսի քաղաքացի է դիմել իրենց, եթե, իհարկե, այդպիսի դեպք եղել է այս տարիներին։ Եթե չի եղել այդպիսի դեպք, ապա Ադրբեջանից նման դիմումներ լինելու դեպքում ինչպե՞ս կարձագանքի Հայաստանի Հանրապետությունը և պատրա՞ստ է նման ծավալի (շուրջ 300 հազար դիմում սպասարկել)։ 

ՆԳՆ-ի միգրացիոն ծառայությունից, ի պատասխան մեր հարցման, ասել են հետևյալը․ «Ձեր հարցման առնչությամբ հայտնում ենք, որ նմանատիպ դիմումներ ՀՀ ՆԳՆ ՄՔԾ-ն չի ստացել։ Նման ընթացակարգեր ՀՀ-ում գոյություն չունեն»։ 

Հետաքրքրվել էինք նաև, թե եղե՞լ է դեպք, որ Հայաստանից քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմեն Ադրբեջանի քաղաքացիներ, և ինչպե՞ս է արձագանքել Հայաստանը դրան, քանզի մենք տեղեկացանք, որ հատուկենտ դեպքեր են եղել, երբ, օրինակ, թալիշցիներ կամ, ասենք, սահմանախախտներ են եղել, որոնք դիմել են Հայաստանին՝ ապաստան տրամադրելու խնդրանքով։ 

«Ձեր վերջին հարցադրման առնչությամբ հայտնում ենք, որ քաղաքական ապաստանի դիմումներ վերջին վեց տարիների ընթացքում ՄՔԾ-ում չեն ստացվել»,-ասել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ 

Վահե Մակարյան