Ադրբեջանը 2 անգամ խախտել է հրադադարը

Ադրբեջանը 2 անգամ խախտել է հրադադարը

2023 թվականի սեպտեմբերի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 19 հաղորդում, որից 16-ը՝ հանցագործությունների մասին: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 11-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Շաբաթվա ընթացքում բացահայտվել է կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք պատճառելու բոլոր 7 դեպքերը: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։

ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների, այդ թվում՝ նշված ժամանակահատվածում գրանցված անձնական ունեցվածքի գողության՝ 2 և հափշտակություն բնութագրմամբ 1 դեպքի բացահայտման ուղղությամբ:

Ադրբեջանական զինուժն անցած շաբաթվա ընթացքում Մարտունու և Ասկերանի շրջաններում 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, կրակել գյուղատնտեսական նշանակության դաշտերում բերքահավաք իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Հաղորդագրությունները փախանցվել են ՌԴ խաղաղապահ զորակազմին:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային մեկ պատահար: Սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում՝ քաղաքացին վարելով «HAYASA RC 200-2» մոտոցիկլետը, բախվել է ճանապարհի աջ մասում կայանված՝ «Մերսեդես Բենց սպրինտեր» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Հանրապետական բժշկական կենտրոն:

ՆԳ նախարարության բոլոր ծառայությունները Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք: Արցախի պաշարման պատճառով ծառայությունն իրականացվում է արտակարգ ռեժիմով: Ոստիկանության և ԱԻՊԾ ծառայողները վերահսկում են հանրապետության օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն: