Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը, Փաշինյանը դժգոհ է. Մամուլը՝ սուրճով

Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը, Փաշինյանը դժգոհ է. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը խառնել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդորրը: Որքան էլ իրենց ելույթներում ու հարցազրույցներում իշխանականները «թվացյալ» անհոգ կերպարի մեջ են, այնուամենայնիվ, նրանք լարված են ու անհանգիստ:

Իրականում իշխանությունները գիտեն, որ հասարակության ներսում խոր դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ. վերջին շրջանում բավականին հաճախ, ամենաբարձր մակարդակով ՔՊ-ականները պարբերաբար քննարկում են իրավիճակն ու փորձում վերլուծել, թե ինչ ավարտ կունենա շարժումը, եւ ինչպես պետք է կասեցնել այն: Իշխանականները խոր մտավախություններ ունեն, որ իրադարձությունները կարող են դուրս գալ վերահսկողությունից եւ իրենց համար խիստ անցանկալի սցենարով զարգանալ, քանի որ Տավուշում տեղի ունեցող վերջին զարգացումներն ու կոնսոլիդացիան՝ Բագրատ սրբազանի եւ մյուս երկու լիդերների՝ Սուրեն Պետրոսյանի եւ Գառնիկ Դանիելյանի շուրջ, անսպասելի մեծ է:

Շատերը բանագնացներ են ուղարկում շարժման լիդերների մոտ՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը՝ միանալու շարժմանը: Մի խումբ պատրաստ է դուրս գալ ՔՊ֊ի կազմից՝ լիդերների կողմից երաշխիքների դիմաց: Կարճ ասած, իրապես, սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ է ստեղծել Բագրատ սրբազանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՔՊ-ականները 3 սցենար են պատկերացնում իբրեւ հանգուցալուծում եւ երկուսի մասով արդեն սուրհանդակներ են ուղարկել Էջմիածին: Լավագույն դեպքում, ըստ ՔՊ-ի, մայիսի 9-ին, երբ Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը հասնի Երեւան, դաշտ կգան հանրության համար տհաճ ու օդիոզ քաղաքական անձինք, նախկին իշխանության ներկայացուցիչներ, որոնց դեմքերը ֆիքսելով՝ հնարավոր կլինի վարկաբեկել մինչ օրս թափ հավաքող շարժումը եւ տանել մարման: Երկրորդը՝ նաեւ պատրաստվում են որոշակի ճնշումների:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին իշխանականները տարբեր խողովակներով Էջմիածին բանագնացներ են գործուղել, որպեսզի Բագրատ սրբազանին հորդորեն այնտեղից շարժման օրակարգ չբերել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:

Վերջնագիր են ներկայացրել, թե դժգոհությունը պետք է ձեւակերպել բացառապես սահմանազատման գործընթացի մասով՝ առանց Փաշինյանի հրաժարականի պահանջի: Հակառակ դեպքում՝ ասվել է, որ մեծ հարձակում կլինի եկեղեցու եւ եկեղեցականների վրա: Իհարկե, Էջմիածնի դեմ ճնշումները չհասան իրենց նպատակին։

Ավելին՝ որոշ թեմերի առաջնորդներ փորձել են հետ պահել Բագրատ սրբազանին և մյուս լիներներին երթ դեպի Երևան մտքից. սակայն լիդերների կամքը անսասան գտնվեց: Եվ վերջապես, բանագնացները ակնարկել են, որ Վրաստանի ջարդերին պետք է հետեւել ու պատրաստ լինել՝ քաղաքացիներին բախումների տանելու պատասխանատվություն կրելու համար, քանի որ ուժ կկիրառվի: Կարճ ասած՝ ժողովրդավարական բաստիոնը երերում է՝ տեղը զիջելով միապետության:

ՔՊ-ն կպարտվի միայն Հանրապետության հրապարակի մարդաշատության դեպքում»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շաբաթ օրվանից Կիրանցից Երեւան եկող երթը լուրջ մտահոգություններ է առաջացրել իշխանությունների մոտ․ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին եւ իշխանական քարոզչական բլոկը համակարգողներին հրահանգել է՝ թափով աշխատել սոցցանցերում եւ լրատվամիջոցներում, շարժումը հնարավորինս կապել նախկինների եւ Ռուսաստանի հետ, վարկաբեկել եկեղեցուն եւ Բագրատ սրբազանին, հայտարարել, որ Հայաստանը չի կարող կրոնապետություն դառնալ եւ այլն:

Մյուս կողմից զգուշացվել է իշխանականներին՝ այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը եւ դժգոհ մարդկանց կհանեն իշխանության դեմ։ Իսկ այսօր այդ պայքարին կմիանա նաեւ ինքը՝ ասուլիս տալով։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից, ավելի կոնկետ՝ այս օրերին Հայ առաքելական եկեղեցու և սկսված շարժման դեմ հակաքարոզչության մակարդակից և արդյունքներից: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանգստյան օրերին նա նույնիսկ «պատերով է տվել» իր տեղեկատվական բլոկի պատասխանատուներին: Բանն այն է, հակաքարոզչությունը ապարդյուն է անցնում, չնայած այն բանին, որ ահռելի քանակությամբ նոր ֆեյք էջեր են բացել ու լցրել սոցցանցեր, զգալի ռեսուրսներ են ներդրվում: Իսկ ինչո՞ւ է անարդյունավետ: Փորձագետների համոզմամբ, կա մի քանի պատճառ: Նախ՝ ապաշնորհությունը, ապա՝ նույնիսկ այս իշխանությունների համար ստի դոզայի չափազանց անհավատալիությունն ու պարզունակությունը, ինչը, ըստ շատ մասնագետների, պարզապես ողորմելի տպավորություն է թողնում:

Փաշինյանի «փիարչիների» շրջանառած մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ սոսկ ծիծաղ են շարժում, ու ոչ մի մեղադրանք չի «կպնում» Բագրատ Սրբազանին, նրա գլխավորած շարժման մասնակիցներին, եկեղեցուն ընդհանրապես: Երկրորդ՝ փաշինյանական սատելիտները, այսինքն՝ մերձիշխանական շրջանակները, նաև հենց «փիարչիները» չեն կարողանում թաքցնել իրենց անհանգստությունն ու տագնապը, որն արտահայտվում է հիստերիկ, իբր հեգնական արձագանքներով: Սա մեխանիկորեն տարածվում է նաև քպական «շարքերի» վրա, որքան էլ, մեր տեղեկություններով, Փաշինյանը ներքին կարգով մեսիջներ է ուղարկում յուրայիններին, թե «ամեն ինչ կարգին է»:

Ի լրումն, փողոցով իշխանության եկածները... «փողոցով իշխանափոխության» դեմ են խոսում, ինչն առնվազն հեգնական արձագանքներից ավելին չի հարուցում սոցցանցերում: Ըստ այդմ, չի բացառվում, որ տեսնելով՝ «թիմը» գործ չի անում կամ, մեղմ ասած, լավ չի աշխատում, Փաշինյանը փորձելու է իր ձեռքը վերցնել ընթացքը: Հնարավոր է՝ հենց դրա համար էլ նա այսօր հերթական ասուլիսն է կազմակերպում...