ԱԺ-ն ամեն օր մի նոր օրենք է հանում, մեզ դռնեդուռ գցում․ արցախցի կնոջը փախստականի կարգավիճակ չեն տրամադրում

MediaHub-ը շարունակում է տարբեր խնդիրներով ահազանգեր ստանալ բռնի տեղահանված արցախցիներից։ Դրանք որքան նման՝ նույնքան տարբեր են։ Շատերն ինչ-ինչ պատճառներով պետության աջակցության ծրագրի շահառու չեն դարձել, մի մասին նպաստներ չեն տրամադրում, որոշներն ունեն բանկային խնդիրներ։ Մեր զրուցակիցը Անուշ Գրիգորյանն է։ 2005 թվականին նա ամուսնացել ու Հայաստանից տեղափոխվել էր Ստեփանակերտ, 2 երեխա ունեցել ու 18 տարի ապրել Հեքիմյան 3բ 65 բնակարանում։
«Տեղահանվելուց հետո բախվել ենք նոր խնդիրների։ Ինձ ժամանակավոր պաշտպանության (փախստական) կարգավիճակ չեն տալիս, պատճառաբանում են, որ «դու հայաստանում ես ծնվել, առաջին անձնագիրդ այստեղ ես ստացել, դրա համար քեզ այդ կարգավիճակը չենք տալիս»,- պատմեց նա։
Անուշն իր 2-րդ անձնագիրը ստացել է Ստեփանակերտի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում՝ 070 կոդով, գրանցման նոր հասցեով։ Հայաստան է եկել Արցախի քաղաքացիությունը հավաստող նույն անձնագրով։ Նույն խնդրի առջև կանգնել են նաև նրա երեխաները։
«Ասում են՝ «մայրը որ երկրի քաղաքացիություն ունի, երեխաներն ավտոմատ կերպով դառնում են նույն երկրի քաղաքացի»։ Որքան բացատրում էինք, մեզ անընդհատ նույն բանն էին ասում։ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել հունվարին, ուստի կարգն է այդպես։ Ինչ եկել ենք Հայաստան, ամեն օր մի նոր օրենք են հանում, մեզ դռնեդուռ գցում»,- պատմում էր մեր զրուցակիցը։
Նրա սկեսուրը՝ Լիրա Հովհաննիսյանը, ասաց, որ ո՛չ իշխանական թևից է բան հասկանում, ո՛չ ընդդիմության։ «Արցախցիների շահերը պաշտպանող չկա։ Մենք ամեն օր հանդիպում ենք նոր խնդիրների, միայնակ փորձում լուծում տալ դրանց։ Գոնե նախկին նախագահները մի բան ձեռնարկեն, իրավապաշտպան կազմակերպություններն օգնեն Արցախի բնակիչներին, որոնց իրավունքները խախտվում են։ Տիկին Լիրան նաև մեծ ցանկություն ունի հանդիպելու նախկին նախագահների հետ՝ «վրդովված եմ, ասլու շատ բան ունեմ»»,- ասաց արցախցի կինը։
Հունան Թադևոսյան