Ազգային ավիափոխադրող հռչակված Fly Arna-ն մտադիր են վաճառել

Ազգային ավիափոխադրող հռչակված Fly Arna-ն մտադիր են վաճառել

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի»՝ ԱՆԻՖ-ի կողմից 2021 թվականին որպես միակ ազգային ավիաընկերություն ստեղծված Fly Arna ընկերությունն այս տարվա սկզբից այլևս չի գործում։ Ընկերությունը վատ մենեջմենթի, չարաշահումների, թե այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով սնանկացել է ու այլևս թռիչքներ չի իրականացնում։ Ընդ որում, մեզ ասացին, որ Fly Arna-ի համասեփականատեր հանդիսացող Air Arabia ընկերությունը վնասով չի աշխատել և շահույթով է դուրս եկել այս գործարքից, և միայն հայկական կողմն է վնաս կրել։

MediaHub-ին տեղեկություններ հասան, որ ԱՆԻՖ-ը որոշել է վաճառել Fly Arna ընկերությունը, այսինքն՝ իր բաժնեմասը, որը կազմում է 49 տոկոս։

Տեղեկությունը ճշտելու համար մենք կապ հաստատեցինք ԱՆԻՖ-ի տնօրեն Տիգրան Ղազարյանի հետ։ Մեր հնչեցրած պարզ հարցը, թե ճի՞շտ է, որ ԱՆԻՖ-ը որոշել է վաճառել Fly Arna ընկերությունը, Տիգրան Ղազարյանը զարմանալիորեն չհասկացավ․ «Ի՞նչ է նշանակում՝ «որոշել եք վաճառել»։ Ես Ձեր հարցը չհասկացա, թե ինչ է նշանակում` «որոշել եք Fly Arna-ն վաճառել»։ Երևի թե ավելի պարզ շարադրելու համար կառաջարկեմ գրավոր հարցում ուղարկեք, կպատասխանենք»։

Ղազարյանին ասացինք, որ գրավոր հարցման դեպքում էլ նույն կերպ ենք շարադրելու։ Եթե մեզ հուշի, թե որն է մեր հնչեցրած հարցի ավելի պարզ տարբերակը, կփորձենք այդ կերպ շարադրել, որ իր համար ավելի մատչելի լինի։

ԱՆԻՖ-ի տնօրենը, սակայն, նորից տարօրինակ կերպով չհասկացավ մեր հարցը․ «Ցավոք, չեմ կարողանում պատկերացնել, թե Դուք էդ հարցի տակ ի՞նչ պատասխան եք ակնկալում։ Ելնելով դրանից՝ չեմ կարող Ձեզ հուշել, էլի։ Դուք՝ ինքներդ, շարադրեք Ձեր հարցը, գրավոր ուղարկեք, կպատասխանենք»։

Փորձեցինք մի վերջին շանսով մեր հարցը հնարավորյնս մատչելի կերպով ձևակերպված հասանելի կամ ընկալելի դարձնել պարոն Ղազարյանին՝ հարցնելով, թե Fly Arna-ի՝ ԱՆԻՖ-ի կողմից տնօրինվող բաժնեմասը վաճառելու որևէ հավանականություն կամ մտադրություն կա՞, թե՞ ոչ։ 

«Բաժնետերերի կողմից է որոշումը կայացվելու, նման որոշում այս պահին չունենք»,- վերջապես ընկալեց մեր հարցը Տիգրան Ղազարյանը՝ դժվարանալով, սակայն, ասել, թե ինչպես է պատկերացնում Fly Arna-ի հետագա կառավարումը կամ ճակատագիրը, որովհետև այն կոլեգիալ որոշմամբ պայմանավորված հարց է։

Առիթից օգտվելով՝ ԱՆԻՖ-ի տնօրենին հարցրինք նաև, թե ունի՞ բացատրություն՝ ինչո՞ւ այսպիսի ճգնաժամի առջև կանգնեց Fly Arna-ն և փակվեց։ Արդյոք վատ կառավարմա՞ն, թե՞ չարաշահումների խնդիր էր։

«Որևիցե որակավորում չեմ կարող այս պահին տալ»,- ասաց նա և ավարտեց զրույցը։

Վահե Մակարյան