Մեղրաձորցիները դեմ են նոր հանքին, ավագանին կմերժի հայտը․ Դուլգարյան 

Մեղրաձորցիները դեմ են նոր հանքին, ավագանին կմերժի հայտը․ Դուլգարյան 

Մեղրաձորցիները համաձայն չեն, որ նոր հանք բացվի համայնքում, երեկ հանրային լսումների ընթացքում դեմ են արտահայտվել, հուսով են, որ իրենց խոսքը կհարգեն։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց բնապահպան Օլեգ Դուլգարյանը։ 

Դուլգարյանի խոսքով՝ բնակիչները միակամ մերժել են «ԱՄ ԱՐՏ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մեղրաձոր բնակավայրի տարածքի Թեժագետ տեղամասում նեֆելինով հարուստ սիենիտների հաշվարկված պաշարների վերագնահատման երկրաբանահետախուզական ուսումնասիրության 2023-2026թթ ծրագրով աշխատանքների վերաբերյալ ուսումնասիրության նախագիծը։ 

«Մեղրաձորցիներին մանրամասներ չէին հետաքրքրում, ասացին՝ առանց այդ էլ գյուղում հանքավայր ունեն, որն արդեն բնապահպանական ծանրաբեռնվածություն է»,- ասաց նա։ 

Դիտարկմանը, որ նախորդ տարի ևս եղել է այս քննարկումը, և բնակիչները կրկին դեմ են արտահայտվել և հարցին՝ ինչո՞ւ է նույն ընկերությունը կրկին գալիս նույն պահանջով, վերջինս պատասխանեց․ «Օրենսդրական բաց է, նախորդ տարի էլ բնակիչները դեմ են արտահայտվել, մեկ տարի է անցել ու նույն ընկերությունը կրկին հայտ է ներկայացրել։ Ներկայիս օրենքով՝ համայնքի ավագանին է որոշում կայացնելու։ Երբ հանրային լսումներ են տեղի ունենում, դրանից հետո 30 օրվա ընթացքում համայնքի ավագանին իր դիրքորոշումը պիտի հայտնի՝ հիմնավորումներով, հիմա ստացվում է այնպես, որ որոշումը ուժի մեջ է մտնում հենց ավագանու որոշմամբ, իսկ ավագանին որոշում է կայացնելու համայնքի դիրքորոշմամբ։ Խնդիրն այն է, որ պետք է լրացվի օրենսդրական բացը, այսինքն, երբ որոշումը մերժվում է, այն պետք է 3-5 տարվա ուժ ունենա, որպեսզի նույն ընկերությունը ամեն տարի չգա համայնք ու մարդիկ էլ ամեն տարի բարոյահոգեբանական կաթվածների չենթարկվեն»։

«Տարբեր ձեռագրեր են լինում, ընկերություններ կան, որոնք մերժում ստանալուց հետո երկար աշխատանք են տանում համայնքում, մարդկանց են գրավում, իրենց կողմ քաշում կամ վախեցնում, որ իրենց կողմից լինեն»,- ներկայացրեց Դուլգարյանը և հավելեց, որ առաջիկա նիստին մեծ հավանականությամբ ավագանին կմերժի հայտը, քանի որ այն ընդունելու հիմքեր չկան։ 

Լիաննա Թորոսյան