Կատարը կոչ է արել ապաքաղաքականացնել նավթն ու գազը

Կատարը կոչ է արել ապաքաղաքականացնել նավթն ու գազը

Նավթի ու գազի առեւտուրը պետք է ապաքաղաքականացվի։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի նախարար, Կատարի պետական էներգետիկ ընկերության ղեկավար Սաադ ալ-Քաաբին՝ կոչ անելով քաղաքական գործիչներին հրաժարվել ազատ շուկայի դեմ պատժամիջոցներից եւ համաձայնագրերից, հայտնում է Reuters-ը։

Քաաբիի մեկնաբանությունները հնչել են Եգիպտոսում Գազ արտահանող երկրների ֆորումի (ԳԱԵՖ) հանդիպումից առաջ եւ համահունչ են ոլորտի բազմաթիվ խաղացողների կարծիքին, որոնք մտավախություն ունեն, որ G7-ի կողմից ռուսական նավթի գնի սահմանափակումը կարող է կաթվածահար անել համաշխարհային առեւտուրը:

«Կատարի պետությունը եւ QatarEnergy-ն կոչ են անում բոլոր կառավարություններին եւ բազմակողմ հաստատություններին մշակել այնպիսի քաղաքականություն, որն ապաքաղաքականացնում է վառելիքի ապրանքների փոխանակումը»,- ասվում է Քաաբիի հայտարարության մեջ:

QatarEnergy-ն հեղուկ բնական գազի (ՀԲԳ) աշխարհի խոշորագույն արտահանողներից մեկն է:

Անցյալ ամիս G7-ի երկրները պայմանավորվել են մինչեւ դեկտեմբերի 5-ը ռուսական նավթի գնի վերին շեմ սահմանել: Եվրահանձնաժողովը նաեւ անցյալ շաբաթ առաջարկել է իր վերջին արտակարգ միջոցառումները էներգակիրների բարձր գների դեմ պայքարելու համար, սակայն ձեռնպահ է մնացել գազի գների անհապաղ սահմանափակումից, քանի որ ԵՄ երկրները շարունակում են տարաձայնություններ ունենալ այդ գաղափարի շուրջ:

Քաաբին նաեւ ասել է, որ կառավարությունները պետք է դատապարտեն «դիվերսիան եւ ռազմական հարձակումները էներգետիկ ենթակառուցվածքների կամ էլեկտրական ցանցերի վրա»։