Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ իշխանությունները կամ ռազմական գերատեսչության ներկայացուցիչները խուսափում են հստակ ասել, թե սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողություններից հետո Հայաստանն այժմ ինչ տարածքային կորուստներ ունի, որքան մարտական դիրք ենք կորցրել կամ հետ վերադարձրել:

«Հրապարակ» թերթը գրում է.

 «Բերդ խոշորացված համայնքում իշխանության նախաձեռնած քրեական հետապնդումները շարունակվելու են, որպեսզի ճնշումներով հասնեն նրան, որ զավթեն համայնքային իշխանությունը, ինչպես արեցին Վանաձորում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի աշխատանքը դարձել է իսկական գլխացավանք ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության համար: Բանն այն է, որ ընդդիմությունը թեեւ հայտարարել է, որ սեփական օրակարգով միայն խորհրդարանի դահլիճ կմտնի, սակայն մինչ օրս չի հաջողվում հաղթահարել շատ արգելքներ եւ մտնել դահլիճ ու կողք կողքի նստել ՔՊ խմբակցության անդամների հետ: Այդպես հարցը առկախվել է:

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին դիմել է մանիպուլյատիվ հնարքների: Խոսելով այն մասին, թե ինչու պետք է նոր փաստաթուղթ ստորագրելու դեպքում իրեն դավաճան անվանեն, ասել է.

«Փորձեմ հնարավորինս պարզ ներկայացնել իմ բառամթերքի հիմքերը: Զիջել-չզիջելը շատ հարաբերական բաներ են։ Ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կիլոմետր է։ Հիմա՝ այս արձանագրումից հետո ինչո՞ւ պիտի, օրինակ, որեւէ մեկն ինձ անվանի դավաճան եւ ո՞վ է այդ որեւէ մեկը` նա՞, ով համարում է, որ ՀՀ տարածքն իրականում 300 հազար քառակուսի կիլոմետր է, եւ մենք պետք է որեւէ սահման չճանաչենք, քանի դեռ չենք հասել 300 հզ ք/կմ-ի։ Գուցե ոմանք համարեն, որ դա հրաժարում է, օրինակ, ծովից ծով Հայաստանի գաղափարից եւ, հետեւաբար, դավաճանություն է»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումը բավականին բուռն է անցել: «Ժողովուրդ» օրաթերթը երկու օր շարունակ ՔՊ-ական պատգամավորներից մեկնաբանություն էր խնդրում՝ հասկանալու՝ ի վերջո ինչ են քննարկել Փաշինյանի հետ: Պատգամավորները, սակայն, հանդիպման մասին որեւէ մեկնաբանություն լրատվամիջոցներին չեն տալիս: Ու թեեւ Հայաստանում մարդկանց մտահոգությունները՝ կապված երկրի պաշտպանության ու անվտանգության հարցերի հետ, ավելանում են, երեւանաբնակներն ամեն պահի սպասում են, որ հաջորդ արկն իրենց գլխին կարող է ընկնել, իշխանության ներկայացուցիչները ձկան պես լռում ու վախ են գեներացնում հասարակության ներսում:

«Հրապարակ» թերթը գրում է.

Իշխանությունը սկսել է տեսչական մարմինների ղեկավարներին փոխելու գործընթացը, ինչի մասին մենք գրել էինք սեպտեմբերի 2-ին։ Տեւական ժամանակ է՝ աշխատանք են տանում այդ ուղղությամբ․ դոսյեներ են կազմվում, քննարկվում է, թե ում ինչպես եւ ումով են փոխարինելու։ Մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքից ազատվել է տեսչականի 2 ղեկավար՝ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պետ Գեղամ Շահբազյանը, ում ազատման դիմումը հրապարակվեց երեկ, եւ լուրեր կան, որ նրան անգործ չեն թողնի․ նշանակում են Պոլիտեխնիկի Շիրակի մարզի մասնաճյուղի ռեկտոր։ Իսկ օրեր առաջ էլ, մեր տեղեկություններով, ազատվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ում մասին եւս գրել էինք սեպտեմբերի 2-ին։

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին «կարկառուն» քպականներից մեկն ասել է, թե «որ օրն իշխանությունը տեսնի, որ ելք չունի, հրաժարական կտա»: Այստեղ են ասում՝ իյա, իրո՞ք: Պետք է ենթադրել, որ պատգամավորը նկատի է ունեցել ոչ թե իշխանությունը պահելու ելք չունենալը, այլ առկա վիճակից դուրս գալու ելքեր չունենալը, քանի որ նա պատասխանել է լրագրողների հարցին, թե ի՞նչ ելք կա ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, արդյո՞ք իշխանությունները տիրապետում են իրավիճակին: 

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին մի քանի օրերին ՀՀ տեղեկատվական տիրույթում ակտիվ քննարկվում է հայադրբեջանական պետական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման հարցը։ Այս մասին կառավարության վերջին նիստում խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ միջազգային գործընկերների հետ քննարկվում է այս թեման։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանի այդ հայտարարությանը ռուսական քաղաքական շրջանակները բավական բուռն են արձագանքել։ Ավելին, նախօրեին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս առիթով նշել է. «Մոսկվան հանդես է գալիս եռակողմ հայտարարությունների՝ անվերապահ կյանքի կոչման օգտին. այն ներառում է տեսություն և պրակտիկա, տեղի ունեցածի մատնանշում և ապագայի ծրագիր: Դրանք իրական, այլ ոչ թե թվացյալ ճանապարհային քարտեզներ են»: Նա նաև նշել է, որ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն մնացել թղթի վրա և քայլ առ քայլ կյանքի են կոչվել:

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին մի քանի օրերին կտրուկ ակտիվացել է Սամվել Բաբայանը, որը մի քանի հայտարարություններով և ֆեյսբուքյան գրառումներով փորձում է գնահատականներ հնչեցնել ներկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ավելին, «Փաստ» թերթի տեղեկություններով, նա առաջիկայում Ստեփանակերտում հանրահավաք է նախատեսում։

Ըստ էության, դա ավելի շատ ինքնապաշտպանական բնազդի դրսևորում է, քանի որ, թերթի տեղեկություններով, այս ժամանակահատվածում նրա անձի նկատմամբ և՛ Արցախում, և՛ Հայաստանում քննադատության մեծ ալիք կա։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, դա պայմանավորված է Բաբայանի դերի արհեստական ուռճացմամբ, քանի որ, ի դեմս նրա, ՀՀ իշխանություններն Արցախում փորձում էին հակակշիռ ստեղծել։ Այնինչ, այն ազդեցությունը, որը Բաբայանն ուներ Արցախում 2018-2020 թվականներին, երբ Նիկոլ Փաշինյանի «գործուղմամբ» գտնվում էր Արցախում, այլևս գոյություն չունի։

Արցախում նախատեսվող հանրահավաքի հետ կապված տեսակետ կա, որ այն ոչ թե կոնկրետ քաղաքական նշանակություն և ուղերձ ունի, այլ ընդամենն ուժի ցուցադրություն է. այդ կերպ Բաբայանը ցանկանում է ապահովել քաղաքական որոշակի կապիտալ՝ հետագայում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջ նոր նախապայման դնելու նպատակով։