Ոստիկանները նախ ծեծել են անչափահասներին, ապա՝ նրանց փաստաբաններին

Երևան քաղաքի Էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն անչափահաս ուսանողներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար բաժին ներկայացած փաստաբանների նկատմամբ բռնություն են գործադրել, ծեծի ենթարկել, սպառնացել և հայհոյել նրանց մասնագիական գործունեության կապակցությամբ: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Փաստաբանական պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ 
Նրա խոսքով՝ խոչընդոտվել է փաստաբանների մասնագիտական գործունեությունը, և իրենք հետևողական են լինելու նման երևույթների վերացման ուղղությամբ։ 

«Որոշ պաշտոնատար անձինք երբեմն մոռանում են, որ փաստաբանն ունի բացառիկ առաքելություն, որը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ»,- ասաց Բաբայանը։

Նա նշեց, որ ամեն ինչ անելու են, որ փաստաբանների ոտնահարված իրավունքը պաշտպանվի, քանի որ այս երևույթները ստվերում են փաստաբանական ինստիտուտը։ 

ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանն էլ ասաց, որ երևույթն անհանգստացնող է, երկար տարիներ նման միջադեպ չէր եղել։

«Ոստիկաններն անչափահասների նկատմամբ բռնություն են գործադրել, և մեր գործընկերները գնացել են առերեսմանը։ Եվ պատկերացրեք՝ բաժնում, ոստիկանների ներկայությամբ փորձել են հոգեբանական ճնշում գործադրել փաստաբանի նկատմամբ, նրան ծաղրել են։ Ապա միջանցքում ծեծել ու հայհոյել են այդ փաստաբանին։ Մյուս փաստաբանը ձայների վրա դուրս է եկել, նրան էլ են ծեծել ու հայհոյել։ Հետո էլ փորձել են տեղում արդարանալ, թե իբր փաստաբանը վիրավորական խոսք է հնչեցրել, իրենք էլ ծեծել են»,- ներկայացրեց Զոհրաբյանը։ 

Նա պնդեց՝ քրեաիրավական պատասխանատվության ենթարկելուց զատ, պետք է դադարեցվեն այդ ոստիկանների լիազորությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։