Անկլավները տանք հանգիստ ապրենք. այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է

MediaHub-ի տեղեկություններով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել անկլավների վերադարձի հարցի շուրջ: Ինչպես արդեն գրել էինք, Բաքուն Երևանից պահանջել է առաջին փուլով ստանալ չորս անկլավները, իսկ երկրորդ փուլում՝ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացից հետո, ևս չորսը:
Սրան զուգահեռ, Բաքուն չի էլ թաքցնում, որ ռազմական գործողություն է ծրագրում Հայաստանի դեմ, որի մեկնարկը հաշված շաբաթների, ամիսների հարց է: Սպասել ռազմական նոր ագրեսիա՞, արդյո՞ք այս իշխանությունը պատրաստ է անկլավների հարցը վերջնական ավարտի հասցնել․ այս մասին MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։
«Ե՛վ հնարավոր է, և ո՛չ, նայած ինչ ռազմական հարձակման մասին է խոսքը։ Եթե խոսքը Սյունիքի մասին է՝ Մեղրիի միջանցք բացելու մասին, ապա սա Ադրբեջանը և Թուրքիան պետք է սկսեն և այդ որոշումը կայացնեն։ Եվ այդտեղ կարևոր է լինելու մյուս երկրների վերաբերմունքը, քանի որ աշխարհաքաղաքական հարց է»,- ասաց Դանիելյանը։
Ինչ վերաբերում է անկլավներին, ապա, ըստ քաղաքագետի, եթե Հայաստանը համաձայնվել է անկլավները տալ Ադրբեջանին և, ինչպես միշտ, եթե որոշի դա անել ադրբեջանական հարձակման և զոհեր տալու միջոցով, որ իրենց վրայից պատասխանատվությունը մի կողմ դնեն ու ասեն` «այ տեսե՛ք, ուզո՞ւմ եք ավելի շատ զոհեր լինեն, եկեք գնանք պատերազմենք Ադրբեջանի հետ», և եթե այդ տակտիկան լինի, ապա մյուս երկրները, բնականաբար, արձագանք չեն ունենա, չեն միջամտի, եթե Հայաստանը դա ճանաչում է Ադրբեջանի տարածք։
«Այս կառավարությունից ամեն ինչ հնարավոր է սպասել, մենք տեսել ենք, որ պայմանավորված պատերազմներ են եղել, վարչապետի կինը նման ձևակերպել է, չմանրամասնելով, թե ո՞ւմ հետ և ե՞րբ է պայմանավորվել և, բնականաբար, քրեական գործ չի հարուցվել նրա դեմ, որ պարզեն, թե այդ ովքե՞ր և ո՞ւմ հետ են պայմանավորվել։ Այո՛, այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է»,- կրկնեց Դանիելյանը։
Հիշեցնենք, ավելի վաղ գրել էինք, որ թշնամի երկրի մեջլիսի պատգամավոր Հասանղոլիևը հայտարարել է, որ Ադրբեջանի բանակը պետք է մայիսին, ամենաուշը հունիսի սկիզբ անկլավները՝ չորս գյուղերը ռազմական գործողությունների ճանապարհով գրավի։
Մարիաննա Արամյան