Քո տանը, քո գյուղում քեզ սպանել փորձողին, քո հարևանի տունը քանդողի հետ ինչպե՞ս ապրես 

Քո տանը, քո գյուղում քեզ սպանել փորձողին, քո հարևանի տունը քանդողի հետ ինչպե՞ս ապրես 

Արևիկ Սահակյանը վիրավորում ստացավ հայրենի գյուղի` Վանքի հրթիռակոծության ժամանակ։ 

Վերջինս MediaHub-ի հետ զրույցում անընդհատ նշում էր 15-ամյա Սերգեյ Հովոյանի մասին, ով ադրբեջանական հրետակոծության ժամանակ մահացու բեկորային վիրավորում էր ստացել Արևիկի աչքի առաջ։ 

«Երբ սկսեցին հրետակոծել գյուղը, կիրառելով հրթիռահրետանային հարվածներ, և անօդաչու թռչող սարքեր, ես ընկերուհուս հետ դուրս եկա աշխատավայրից ու փորձում էի րոպե առաջ տուն հասնել։ Երբ հասանք Հակոբավանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի տան մոտ, հրթիռի մեկ արկ կարծես թիրախավորված ընկավ ուղիղ նրա տան վրա։ Ոչ ոք չի կարող պատկերացնել այդ օրվա իմ ապրումները, զգացածը, բեկորներ եկան նաև իմ ուղղությամբ, վնասվեց թոքս, կողս ջարդվեց, իսկ «ասկոլկան» հայտնվեց թիակիս տակ։ Տեղում ինձ հետ վիրավորում ստացավ Տեր Հովհաննեսը, աչքիս առաջ մահացավ մեր գյուղում նոր վերաբնակեցված այդ մատղաշ երեխան՝ Սերգեյը, իր մայրը ծանր վիրավորում ստացավ, հիմա չգիտեմ՝ որտե՞ղ է, արդյո՞ք ողջ է։ Մահացավ նաև մեր համագյուղացի Մելսիկը»,- հիշում է Արևիկ Սահակյանը։

Գյուղացիների օգնությամբ վիրավորներն ու քաղաքացիական զոհերը տեղափոխվել են Վանքի հիվանդանոց։ Արևիկը, Տեր Հովհաննեսը, Սերգեյի մայրը առաջին բուժօգնություն ստանալուց հետո այնուհետև տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ էլ վիրահատվել են։ Մինչ օրս Արևիկ Սահակյանի թիակի տակ հայտնված բեկորը չեն հեռացրել, վիրահատվել է քահանայի փայծաղը: Իսկ ահա 15-ամյա տղայի մորից Արևիկը լուր չունի, փնտրում է. «Նրա վիճակը շատ ծանր էր, մանավանդ, որ իմացավ տղան զոհվել է»։ 

Ստեփանակերտի հիվանդանոցում մեկ շաբաթ մնալուց հետո, տեղի է ունենում Հայկազովի ՎՔՆ պահեստի պայթյունը։ Արևիկն ասում է, այրվածքներ ստացած քաղաքացիներն այնքան շատ էին ու այնպես վատ էր իրավիճակը, որ ժամանակից շուտ իրենք դուրս են գրվել։

Հաջորդ օրը Սահակյանների ընտանիքը ևս բռնել է գաղթի ճանապարհը։ 

«Մեր փաստաթղթերից բացի ոչինչ չկարողացանք վերցնել։ Դատարկ, ձեռնունայն հասանք Հայաստան: Գաղթի ճանապարհի մասին չեմ ուզում նույնիսկ հիշել։ Հեշտ չէր հիվանդանոցից դեռ չապաքինված դուրս գրվել ու 2 օր ճանապարհ անցնել»,- ասում է նա։
 
Հայաստան տեղափոխվելուց հետո Արևիկը՝ ամուսնու, սկսեսուրի, մոր ու առողջական լուրջ խնդիրներ ունեցող եղբոր հետ վարձակալական հիմունքներով հաստատվել են Հրազդանի Աղավնաձոր համայնքում, ապրում են մինիմալ հարմարություններով և այսօր սոցիալական աջակցության կարիք ունեն։ Նա բուժումը շարունակում է Երևանի բժշկական հաստատություններից մեկում, խնամքով զբաղվում են ամուսնացած դուստրերը։

Արևիկը, որ մի ամբողջ կյանք ապրել է Վանքում, վստահ է, որ Գանձասարում բարձրացրած աղոթքները մի օր տիեզերական արդարությամբ անպայման կկատարվեն և իր ընտանիքը նորից կվերադառնա Արցախ։

Իսկ այսօր ադրբեջանցիների հետ համակեցությամբ ապրելը անհնար համարելուց առաջ՝ ասում է՝ արժանապատիվ չէ։ «Քո տանը, քո գյուղում քեզ սպանել փորձողին, քո հարևանի տունը քանդողի հետ ինչպե՞ս ապրես»,- զարմանում է մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան