Հայկական կողմը դրական է գնահատում ռուսական կողմի կառուցողական ջանքերը․ Մհեր Գրիգորյան

Հայկական կողմը դրական է գնահատում ԱՊՀ ներուժի մեծացմանն ուղղված ռուսական կողմի կառուցողական ջանքերը: Հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել առաջադեմ համաշխարհային փորձին, բարձր տեխնոլոգիաների ներդրմանը, գիտելիքատար ու նորարարական ոլորտների զարգացմանը։
«Կայուն տարածաշրջանային տնտեսական զարգացումն անհնար է առանց անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքային ցանցի և անխափան լոգիստիկայի կազմակերպման: Այս համատեքստում կարևոր է «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությունը, որն ուղղված է տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների տարածաշրջանային համակարգի ստեղծմանը»,- նշել է Գրիգորյանը:
Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է ստորագրել ԱՊՀ անդամ երկրների միջև տրանսպորտային համալիրի թվային վերափոխման ոլորտում համագործակցության հուշագիր։