Փաշինյանի պոպուլիզմի «փուչիկը»

Փաշինյանի պոպուլիզմի «փուչիկը»

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման։

Սակայն նախկին ոստիկանապետը մեղսագրվող արարքների մի մասի համար պատժի կրումից ազատվեց վաղեմության ժամկետն անցած լինելու, մի մասի համար՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի ու Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ հայտարարված համաներմամբ։

Միաժամանակ, 5 տարվա ազատազրկման դատապարտվեց, սակայն վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով պատժի կրումից ազատվեց նաև Ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը։

Արդեն սովորական դարձած սցենար է:

Նիկոլ Փաշինյանը շարունակ խոսում է «կոռումպացված» և «թալանչի» նախկինների մասին, ատելության քարոզով էլեկտորատ է կոնսոլիդացնում, հետո դատարանների միջոցով «սրբադասվում» են նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, առնվազն չեն ազատազրկվում:

Փաշինյանն, իհարկե, ավելի «առատաձեռն» գտնվեց նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ. նրանք նույնիսկ արդարացվել են, առաջին դեպքում՝ փլուզելով Մարտի 1-ի գործը, երկրորդ դեպքում՝ ի դերև անելով մեղադրանքները, թե նախկինները կոռումպացված են:

Վլադիմիր Գասպարյանը և Լևոն Երանոսյանը նման «երջանկության» չարժանացան, բայց դա հոգ չէ՝ նրանք երաշխավորված կվայելեն ազատությունը, եթե նույնիսկ Փաշինյանը վերջիններիս «կոռումպացված» և «թալանչի» է անվանել:

Վահրամ Բագրատյան