Ալիևը բացահայտ հարձակվելու անոնս է անում․ զnհասեղանին Հայաստանի գոյությունն է

Ալիևը բացահայտ հարձակվելու անոնս է անում․ զnհասեղանին Հայաստանի գոյությունն է

Ադրբեջանը շարունակում է մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին, այս անգամ Նախիջևանի հետ սահմանային գոտում բունկեր կառուցելու համար։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստանի ԶՈՒ-ն ականանետային-գրոհային բետոնե բունկեր է կառուցում Նախիջևանի ուղղությամբ:

«Հայաստանի քայլերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ իրենք շահագրգռված չեն խաղաղության հասնելու, և որ Ադրբեջանի դեմ նրանք ռեւանշիստական խորամանկ ծրագրեր ունեն»,- մասնավորապես գրել է ադրբեջանական GSSR44 տելեգրամյան ալիքը: 

Եվ նմանօրինակ հայտարարություններ, որոնք պարունակում են Հայաստանի հասցեին սին մեղադրանքներ, այս օրերին բազմաթիվ են: Բաքուն հող է նախապատրաստում:

«Ըստ Ադրբեջանի կողմից տարածված լուսանկարների ու հաղորդագրությունների՝ Հայաստանը մեկի փոխարեն կառուցում է 2 բունկեր՝ նույն  ուղղությամբ։ Իսկ Ալիևի երեկվա հայտարարությունը, թե՝ «Հայաստանն իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար, հայկական անկախ պետությունը, ըստ էության, ֆաշիստական պետություն է», լուրջ ազդանշան է, Ալիևը բացահայտ հարձակվելու անոնս է անում»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է վերլուծաբան Արմինե Հայրապետյանը, որպես համեմատական բերելով Արցախի օրինակը։

«Երբ նույն Ալիևը հայտարարում էր, որ Արցախում բոլորն ահաբեկիչներ են, և պետք է հակաահաբեկչական գործողություն սկսել, վերացնել ահաբեկչական խմբավորումներին, մենք լուրջ չէինք վերաբերվում։ Հետո սեպտեմբերին տեղի ունեցավ ռազմական ագրեսիա, ու Բաքվի բռնապետի հակաահաբեկչական գործողությունը վերածվեց խաղաղ բնակչության դեմ իրականացված բռնաճնշումների ու էթնիկ զտման։ Այս իրավիճակում, երբ արդեն Ադրբեջանի նախագահը բացահայտ սպառնում է Հայաստանին, պետք է ընդամենը սթափվել, լուրջ քայլերի գնալ, հայտարարություններով հանդես գալ, աշխարհով մեկ  տարածել, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների։ Առ այս պահը ո՛չ մի խոսք, ո՛չ մի հայտարարություն դեռևս չի եղել»,- նշեց նա։

Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանում ոչ ոք իր տեղում չէ, Սուրեն Պապիկյանի ներկայությունն արդեն արժեզրկել է ԶՈՒ ինստիտուտը։ 

«Մենք ուղղվելու շատ քիչ ժամանակ ունենք, պարոնայք։ Զոհասեղանին Հայաստանի գոյությունն է»,-հավելեց նա։

Հունան Թադևոսյան