Հանդիպում՝ առանց էական առաջընթացի 

Հանդիպում՝ առանց էական առաջընթացի 

Փաշինյան-Ալիև հանդիպումն այս անգամ էլ ավարտվել է առանց համատեղ հայտարարության և որևէ փաստաթղթի ստորագրման. 1.5 ժամ տևած բանակցությունների ավարտին Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է, որ եռակողմ ձևաչափով՝ իր, Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին:
Քիշնևի բանակցություններին Շառլ Միշելից բացի մասնակցել են նաև Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները։ Եվրոպական խորհրդի նախագահը բանակցությունների ավարտին ասել է, որ քննարկել են սահմանազատման և խաղաղ պայմանագրի հարցերը։

Միշելը, հանդիպումից հետո, հանդես է եկել ընդհանրական գնահատականներով՝ առանց կոնկրետ արդյունքներ նշելու:

Քիշնևյան քննարկումը համարում եմ օգտակար, Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումից հետո՝ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր շատ նախնական մի դետալ էլ կա, ինչո՞ւ եմ ասում շատ նախնական, որովհետև պիտի ստուգենք իմ այս հայտարարությանը նաև Ադրբեջանի արձագանքը։ Կարծես թե կողմերն ընդգծեցին, որ դեմ չեն, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975-ի քարտեզները: Սա նշանակում է ևս մի քայլ վերահաստատելու 29.800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը և 86.600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է վարչապետը։

Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանը որևէ նոր ձեռքբերման մասին չի խոսել. նրա վկայակոչած 1975-ի քարտեզներն ընկած են Ալմա-Աթայի հռչակագրի հիմքում ու այս առումով որևէ նոր բան չկա: Այլ խնդիր է, որ եթե Փաշինյանը «պարտաճանաչ աշակերտի» պես կրկնում է, թե ճանաչում է Ադրբեջանի 86600 կիլոմետր քառակուսին, ապա Ալիևը համառորեն նման պնդում չի անում Հայաստանի 29800 կիլոմետր քառակուսիի մասով:

Փաշինյանի «լավատեսության» պատճառը, թերևս, այն է, որ վերջնականապես ընտրել է միջնորդական արևմտյան հարթակը՝ մերժելով ռուսականը: Այս տարբերակը միանգամայն բավարարում է Բաքվին, մանավանդ, որ արևմտյան միջնորդությունը ենթադրում է ԼՂ սուբյեկտության ոչնչացում:

Վահրամ Բագրատյան