Սեպտեմբերը Բելլայից խլեց իր 3 եղբայրներին․ Սասունը մնաց Արցախում, Դավիթն ու Արայիկը հավերժացան Եռաբլուրում

«Մի քանի օրվա մեջ կյանքս գլխիվայր շուռ եկավ, աշխարհը փլվեց գլխիս։ Հասկանո՞ւմ եք, ես այդքան ուժ չունեմ, որ դիմանամ, սիրտս քարից չէ։ Որտե՞ղ է գրված, որ քույրը պիտի տեսնի եղբայրների մահը»,-MediaHub-ի հետ զրույցում իր ընտանիքի տխուր պատմությունն է ներկայացնում ստեփանակերտցի Բելլա Գալստյանը։
Նա հանրապետական բժշկական կենտրոնում աշխատանքի էր, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Արցախի ճերմակ բանակն անցել էր ուժեղացված ծառայության։ Բելլայի 2 զավակները դպրոցում էին, իսկ հարազատ եղբայրները՝ Դավիթն ու Սասունը՝ դիրքերում։
«Դիրքերից վիրավորներ էին իջեցնում, մի աննկարագրելի իրարանցում սկսվեց հիվանդանոցում։ Բնակիչների մի մասը, ովքեր կապ հաստատել չէին կարողանում իրենց դիրքապահ հարազատների հետ, գալիս էին հիվանդանոց, իսկ օդային տագնապի ձայնն ու պայթյունները չէին դադարում։ Մի վիրավոր բերեցին աջ ոտքն ամպուտացված վիճակում, նրա վիճակը լավ չէր, դեմքը չէի տեսնում։ Պետք էր երակային ներարկում անեինք, որ հաջորդ քայլով սկսեինք վիրահատությունը։ Պատկերացրեք իմ վիճակը, երբ մոտեցա նրան, տեսա հարազատ փոքր եղբայրս է, Սասունը․․․». հետո Բելլան չի հիշում թե ինչ է կատարվել իր հետ։
Ասում է, գործընկերները, տեսնելով իր վիճակը, դուրս են հանել սենյակից, որ Սասունին վիրահատեն։ Նրա եղբայրը 32 տարեկան էր, ամուսնացած, 2 երեխաների հայր։ Սասունի սիրտը կանգ է առնում հենց հիվանդանոցում՝ վիրահատական նշտարի տակ։ Բժիշկներն ասել են, որ կյանքի հետ անհամատեղելի վիրավորում է ստացել, կյանքը փրկել չի հաջողվել։
«Միասին ապրած մեր երջանիկ տարիներն անցան աչքերիս առջևով, ծնկներս թուլացան, աչքերիս դեմը չէի տեսնում, լեզուս պապանձվել էր, միայն գոռում էի»,- հիշում է Բելլան, նշելով, որ հարազատ մյուս եղբոր՝ Դավիթի հետ օրերով կապի դուրս չեն եկել, նա ևս դիրքերում էր, պատերազմում։ Բելլայի ցավը, սակայն, կարճ ժամանակ անց կրկնապատկվում է, երբ քույրը հայտնում է, որ քեռու տղան՝ Արայիկն էլ վիրավոր է ու գտնվում է հիվանդանոցում։
«Արայիկը խոսում էր, ես նրան աղաչեցի, որ դիմանա, ասացի՝ գոնե դու պիտի ապրես, Սասունն էլ չկա, Դավիթից լուր չունեմ։ Բայց Արոյի մոտ էլ սրտի կանգ գրանցվեց, ներքին օրգանները շատ էին վնասվել, ինքն էլ չդիմացավ»,-արտասվում է կինը։
Սասունն ու Արայիկը հուղարկավորվել են Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում։
«Ես չէի ուզում հողին հանձնել եղբայրներիս, դա ամենասարսափելի բանն է, անգամ հիմա, երբ հիշում եմ այդ օրը, ասում եմ, երանի ես էլ մեռած լինեի»։
Բելլան, որ նախկին պատերազմներում հիվանդանոցում հավաքված վիրավորների ու զոհված զինծառայողների հարազատներին ուժ է տվել, հավատ ու հույս ներշնչել, այդ օրերին ուժասպառ էր։ Դավիթը Մարտակերտի դիրքերում էր։ Զինադադարից 3 օր անց կարողացել է զանգել իր ընկերոջն ու ասել, որ ողջ է ու շրջափակման մեջ։ Հետո քրոջը հաջողվել է կապ հաստատել Դավիթի հետ.
«Նա հարցուփորձ է արել բոլորից, ո՞վ է ողջ, ո՞վ է զոհվել, ընտանիքի անդամներից ով որտեղ է։ Ես նրան չեմ ասել Սասունի ու Արայիկի մասին, գիտակցելով, որ շրջափակման մեջ է։
Ինքը, սակայն, իր ընկերների միջոցով իմացել է։ Մենք 2 քույր ու 2 եղբայր ենք, իրար տեղ իմացող, իրար հարգող ու սիրող։ Չեմ կարող նկարագրել ապրումներս, երբ Դավիթը եկավ դիրքերից։ Մի կողմից Սասունի մահը, մեր լացը, մյուս կողմից, որ գոնե Դավիթը կա՝ այդ ուրախությունը խառնվել էին իրար։ Բայց Աստված դա էլ շատ համարեց»,-ասում է նա։
Սեպտեմբերի 19-ից 25-ը՝ Բելլայի կյանքի առեղծվածային շաբաթն էր, լի ողբերգություններով։ Նրա եղբայրը՝ Դավիթը որոշել էր տեղահանվելու օրը արտաշիրիմել նաև եղբայրների մարմինները ու իրենց հետ Հայաստան տեղափոխել։ Սեպտեմբերի 25-ին ընկերներից մեկի զանգը ճակատագրական եղավ նաև Դավիթի համար։
«Իր ընկերն էր, հարցնում էր Հայկազովի վառելիքի պահեստի տեղը, հեռախոսով բացատրեց, նա չհասկացավ։ Հաշվի առնելով իր սրտացավությունն ընկերների նկատմամբ, որոշեց անձամբ գնալ, ցույց տալ։ Դավիթը 3 երեխա ունի։ Մենք ընտանիքներով պատրաստվում էինք հավաքել մեր անձնական իրերը, մինչև Դավիթը կգա կորոշենք՝ երբ ենք դուրս գալու։
Մեր տրամադրությունների պես բարակ անձրև էր տեղում։ Կայծակի որոտը պատերազմն էր հիշեցնում ու ամեն ձայնից տունը դղրդում էր։ Դավիթը զանգեց ու հեռախոսի մյուս կողմում ես միայն լսում էի լացի ձայներ, գոռոց, ճիչ, մի խոսքով, պարզ նկատվում էր՝ իրարանցում էր։ Ասաց՝ «Բելլա, պայթյուն է եղել, շունչս կտրվում է, շուտ հասի», ես անհապաղ մեկնել եմ դեպքի վայր։ Հիմա ինչպե՞ս նկարագրեմ տեսածս, երբևէ լսել եք դժոխքի մասին... դա իսկական դժոխք էր, որ կար»։
Բելլան աղետի վայրում երկար է փնտրել եղբորը, բայց չի գտել։ Հետո նրան զանգել ու ասել են, որ Դավիթը հիվանդանոցում է։ «Հիվանդանոցում տեսարաններն ավելի ահասարսուռ էին։ Վառված վիճակում մերկ տղամարդիկ, կանայք, կիսամեռ՝ կյանք խնդրող հայացքներ, բոլորն իրար նման էին, սևացած, ուտված ու անճանաչելի, մեկ էլ լսեցի հանդարտ տոնով Դավիթն ինձ է կանչում՝ «Բելլա, ես եմ, ստեղ եմ»»,-վերհիշում է Բելլա Գալստյանը։
Բժիշկները, հասկանալով Բելլայի հոգեվիճակը՝ Սասունի ու Արայիկի մահից հետո, ամեն ինչ արեցին Դավիթին փրկելու համար։
“Մայրս ասում էր անհապաղ տեղափոխենք Հայաստան, կապրի, ես ուզում էի հավատալ դրան։ Բայց մասնագիտական աչքով նայում ու տեսնում էի՝ գնալով վիճակը վատանում է։ Դավիթը խնդրում էր. «Բելլա, մի բան արա աչքերս բացվեն, գոնե ձեզ տեսնեմ, կարող ա վերջին անգամ», իսկ ես լացելուց բացի այլ բան չէի կարողանում, հույս էի տալիս, որ ամեն բան լավ կլինի, մի քիչ էլ դիմացի, ուժեղ ցավեր ուներ։ Սեպտեմբերի 26-ին ուղղաթիռները հասան Ստեփանակերտ։ Մեկ օր չհասցրեց ապրել, 27-ի առավոտյան մահացավ երևանյան հիվանդանոցներից մեկում”։
Ավելի ուշ Ստեփանակերտից Երևան են տեղափոխում քեռու որդու՝ Արայիկի դին: Սակայն Սասունին այդպես էլ չկարողացան արտաշիրիմել, Դավիթի կորուստն ամեն ինչ խառնեց իրար։ Ստեփանակերտում հուղարկավորված եղբորը հրաժեշտ տվեցին ու հուսահատ վիճակում ճամփա ընկան։ Դավիթն ու Արայիկը հուղարկավորվեցին կողք-կողքի՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Մայրը խնդրել է Դավիթի լուսանկարի կողքին տեղադրել նաև Սասունի նկարը, թուլտվություն են տվել։
Ընտանիքում այժմ 9 հոգի են, տան միակ աշխատողը Բելլան է։ Նրա տարեց ծնողներն վատառողջ են, իսկ իրենք՝ կանգնած սոցիալական խնդիրների առաջ, որը Բելլային այս հոգեվիճակում ամենաքիչն է մտահոգում. «Գոնե կարողանանք Սասունի աճյունը տեղափոխել Երևան, գոնե սուգս մի քիչ մեղմվի... արդյո՞ք կմեղմվի»-եզրափակում է նա։
Հունան Թադևոսյան