ՔՊ-ից են Սիրունյանին հորդորել ինքնակամ հրաժարվել, որովհետև «ուրիշ բաներ են պարզվել»

ԲԴԽ անդամի՝ ՔՊ-ական թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը, որին մի քանի օր է՝ քննադատում են իր հայհոյախոսությունների, հարբեցողության հետ սեր ունենալու և արցախցիների հանդեպ ատելության խոսք տարածելու համար, այսօր հայտարարել է, որ հրաժարվում է ԲԴԽ անդամի իր թեկնածությունից։
«Ես որոշել եմ կամովին հանել իմ թեկնածությունը, պետք է խնդրեմ՝ ԱԺ-ն չքվեարկի»,- ասել է Սիրունյանը։
Նկատենք, որ այսօր առավոտյան պետք է տեղի ունենային քվեարկությունները, այդ թվում՝ Սիրունյանի քվեարկությունը, բայց Ալեն Սիմոնյանը նիստի սկզբում հայտարարեց, թե քվեարկությունները տեղափոխում են օրվա երկրորդ կես՝ մեծ ընդմիջումից հետո, ապա քթի տակ ժպտալով ասաց․ «Դրա պատճառները հետո կասեմ»։
Ենթադրելի էր, որ հետաձգումը կապված է Սիրունյանի հետ։
MediaHub-ը ՔՊ-ի ներսից իմացավ, որ իրենք են հորդորել Սիրունյանին, որ հրաժարվի թեկնածությունից։
«Ուրիշ բաներ են պարզվել՝ բարեվարքության թերթիկի հետ կապված բաներ»,- ասացին մեզ ՔՊ-ից։
Փաստորեն, ընդդիմության ու իրավապահ հանրույթի կողմից բարձրացված աղմուկից հետո միայն, ՔՊ-ն որոշեց փորփրել Սիրունյանի բարեվարքությունն ու ԲԴԽ անդամի պաշտոնի հետ անհամատեղելի բաներ հայտնաբերել դրանցում։
Նշենք, որ ՔՊ-ում ոչ բոլորն էին, իրականում, կողմ Սիրունյանի թեկնածությանը, չնայած որ նա մոլի ՔՊ-ական էր ու պաշտում էր Նիկոլ Փաշինյանին, ԲԴԽ-ում ևս, մեր տեղեկություններով, ոգևորված չէին Սիրունյանի մոտալուտ գալուստով և նրան առանձնապես չէին սպասում, և հիմա ուրախացել են, որ Սիրունյանը հրաժարվել է թեկնածությունից։
Վահե Մակարյան