Մամիկոն Ասլանյանը տեղյակ է եղել, որ ես մասնակցելու եմ այսօրվա նիստին․ «Ասլանյան դաշինք» խմբակցության անդամ

Մամիկոն Ասլանյանը տեղյակ է եղել, որ ես մասնակցելու եմ այսօրվա նիստին․ «Ասլանյան դաշինք» խմբակցության անդամ

Այսօր Վանաձորի ավագանին արտահերթ նիստում ընդունեց 2023 թվականի բյուջեի նախագիծը։ Կողմ քվեարկողների շարքում էին նաև «Ասլանյան դաշինք» խմբակցության երկու անդամներ։ 

Այս փաստը բավականին հակասություններ առաջ բերեց, քանի որ բյուջեի նախագծի քննարկման երեք նիստերին դաշինքը չէր մասնակցել։ Իսկ այսօր ավագանու անդամներ Գայանե Քալանթարյանն ու Սեյրան Ղամբարյանը մասնակցեցին նիստին, ապահովեցին քվորում և կողմ քվեարկեցին բյուջեի նախագծին։ 

Ինչո՞ւ հենց այս պահին իրենց քաղաքական առաջնորդին քաղբանտարկյալ համարող, Փաշինյանի կողմից նշանակված համայնքապետի պատշոնակատար Արկադի Փելեշյանին ոչ լեգիտիմ հայտարարող թիմի ներկայացուցիչները վերջին պահին մասնակցեցին ավագանու նիստին, և, ըստ էության, լեգիտիմացրին Փելեշյանի քաղաքապետությունն ու նրա գլխավորությամբ բերված նախագիծը։ 

Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցեց Վանաձորի ավագանու «Ասլանյան դաշինք» խմբակցության անդամ Գայանե Քալանթարյանի հետ։ 

«Այս նիստը Վանաձորի համայնքապետի ընտրության համար հրավիրված նիստ չէր, այլ միայն քաղաքի բյուջեի հարցի ընդունման համար էր, իսկ դրան մեր համայնքի բնակիչները սպասում էին, այդ պատճառով եմ մասնակցել նիստին»,- նշեց Քալանթարյանը։

Նրա խոսքով՝ իրենց ընտրողները շատ հաճախ դժգոհության ալիք են բարձրացրել՝ նշելով, որ չեն իրականացվում այն ծրագրերը, որոնք խոստացել էին, Վանաձորի ճանապարհները քանդված են, սուբվենցիոն ծրագրերը կյանքի չեն կոչվում։

«Սա քաղաքական հարց չէ, քաղաքական ենթատեքստ չունի։ Խնդիրներ կան, որոնց լուծմանը սպասում էին մեր քաղաքացիները, և իմ՝ նիստին մասնակցելուց հետո բավականին դրական արձագանքներ են եղել»,- նշեց մեր զրուցակիցը։ Դիտարկմանը, թե ինչի՞ն է կողմ քվեարկել, եթե բյուջեի քննարկման նիստերին չի մասնակցել՝ Քալանթարյանն արձագանքեց՝ մշակմանը չի մասնակցել, բայց եղել են հանրային լսումներ, որոնց ընթացքում ինքն իր կարծիքը հայտնել է, այսօր էլ իր առաջարկներով որոշակի փոփոխություններ եղել են բյուջեի նախագծում։ 

Իսկ հարցին, թե «Ասլանյան դաշինքի» որոշո՞ւմն է եղել, որ ավագանու երկու անդամ պետք է մասնակցի նիստին, թե՞ անհատական մոտեցման հարց է սա, Գայանե Քալանթարյանը պատասխանեց՝ իր որոշումն է եղել նիստին մասնակցելը։ 

«Մեր դաշինքում մենք կարող ենք մեր կարծիքն արտահայտել, չեմ կարծում, որ խմբակցության ներսում պիտի լինի վիճակ, որ շարքային անդամը չկարողանա արտահայտել իր կարծիքը։ Ես բավականին երկար եմ մտածել՝ գնալ նիստին, թե ոչ, բայց, ի վերջո, իմ մեջ հաղթեց քաղաքացին, որը մշտապես աշխատել է ի շահ վանաձորցու»,- նշեց նա։ Իր որոշման մասին Գայանե Քալանթարյանը տեղեկացրել է անազատության մեջ գտնվող Մամիկոն Ասլանյանին։ 

«Ես տեղեկացրել եմ, որ սա դժվար որոշում է ինձ համար ու հնարավոր է՝ ես մասնակցեմ նիստին»,- նշեց նա։ 

Հարցին, թե ինչպե՞ս է արձագանքել Ասլանյանն այդ լուրին, իր համաձայնությունը կա՞ր, Գայանե Քալանթարյանը պատասխանեց․ «Ես տեղեկացրել եմ, համենայնդեպս, ես տեղեկացրել եմ, ու կարծում եմ՝ դա նորմալ է։ Այդ որոշում կայացնելն ինձնից երկար ժամանակ է պահանջել, բայց ես խմբակցության նիստում միշտ ասել եմ, որ ցանկալի է մասնակցել բյուջեի նախագծի քննարկմանը, բայց մեզնից յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, ես պատասխանատու եմ միայն ինձ համար»,- նշեց նա։ 

Դիտարկմանը, որ կարծիքներ կան, թե սա Մամիկոն Ասլանյանի ազատության գինն է, Գայանե Քալանթարյանն արձագանքեց՝ չի ուզում մտնել այդ դաշտ։ 

«Կա արդարադատություն, և իմ ցանկությունն է, որ Մամիկոն Ասլանյանն որքան հնարավոր է շուտ ազատվի կալանքից։ Կարծում եմ՝ դա մեծամասնության կարծիքն ու ցանկությունն է»,- ամփոփեց խոսքը Գայանե Քալանթարյանը։

Նարե Գնունի