Արևմուտքն Ուկրաինան վերածում է «նոր Աֆղանստանի»՝ՌԴ-ի փլուզման նպատակով
Ուկրաինայում շարունակվում են ռազմական գործողությունները՝ՌԴ-ի զինուժը հարվածում է ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներին, իսկ Դոնբասի ուժերը առաջ են շարժվում՝փորձելով վերականգնել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի նկատմամբ լիարժեք հսկողությունը:
Արևմուտքը պատմության մեջ աննախադեպ պատժամիջոցներ է կիրառել ՌԴ-ի և այդ երկրի ռազմա-քաղաքական ղեկավարության նկատմամբ՝նպատակը մեկն է՝հասնել ՌԴ-ում իշխանափոխության և Մոսկվայում իշխանության բերել արևմտամետ ուժերի:
Ուկրաինան՝ Արևմուտքը փորձում է ՌԴ-ի համար վերածել «նոր Աֆղանստանի», որպեսզի ռուսական բանակն երկարաժամկետ, ծանր և հյուծիչ մարտերի մեջ մտնի ուկրաինական բանակի հետ՝հնարավորության դեպքում էլ պարտիզանական պատերազմ հրահրի ռուսական բանակի դեմ: Պատահական չէ, որ Ուկրաինայի իշխանությունները զենք և զինամթերք են բաժանում տարբեր քաղաքներում՝քաղաքացիական անձանց, որպեսզի ռուսական բանակն իրեն ապահով չզգա նաև ուկրաինական քաղաքներ մուտք գործելիս:
Ուկրաինայի հարևան երկրների միջոցով Արևմուտքը շարունակում է զինել ուկրաինական բանակը՝ԱՄՆ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Կիևին՝ռազմական գնումներ կատարելու համար:
Անգլո-սաքսոնական ուժերը, որոնք այսօր հսկում են Ուկրաինան և այն վերածում են հակառուսական պլացդարմի ցանկանում են հյուծել ռուսական բանակն ու ամենակարևորը՝ռուսաստանյան տնտեսությունը՝Ուկրաինայում պատերազմը միայն հարմար պատճառ էր այդ պատժամիջոցները կիրառելու համար: ԽՍՀՄ-ը մտավ Աֆղանստան, սակայն մի քանի տարի անց ստիպված էր լքել այդ երկրի տարածքը: Աֆղանական պատերազմում գրանցված արդյունքները, ինչպես նաև տնտեսական, քաղաքական և այլ բազմաթիվ պատճառներ ի վերջո հանգեցրեցին ԽՍՀՄ փլուզմանը:
Այսօր ուկրաինական ճակատը դարձել է Արևմուտք-ՌԴ նոր «սառը պատերազմի» թատերաբեմ, երբ ողջ Եվրոպան և ԱՄՆ-ն պաշտպանում են Ուկրաինան՝զինում են այն, իսկ ՌԴ-ի դեմ կիրառվում են կոշտ պատժամիջոցներ: Արևմուտք-ՌԴ հարաբերություններն այսօր և մոտակա ապագայում կրելու են կիսապատերազմական բնույթ՝կողմերը զերծ են մնում ուղիղ ռազմական բախումներից միայն միջուկային զենքերի առկայությունը հաշվի առնելով: ՌԴ-ն՝միջուկային տերություն է, իսկ Արևմուտքում ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան՝միջուկային զենք ունեն՝դրան զուգահեռ առկա է ՆԱՏՕ-ի ողջ ռազմական ներուժը:
Այսպիսով, անգլո-սաքսոնական ուժերն Ուկրաինան վերածում են ռազմական պլացդարմի ընդդեմ ՌԴ-ի՝հետպատերազմական շրջանում շատ բարդ է լինելու վերականգնել Ուկրաինայի նախկին սահմանները, տնտեսական ներուժն ու մարդկանց հավատը դեպի սեփական երկիր: Ուկրաինան հանուն Արևմուտքի գեոպոլիտիկ շահերի աստիճանաբար վերածվում է failed state-ի՝դրանից բխող բոլոր վատ հետևանքներով սեփական քաղաքացիների համար:
Արտյոմ Բալասանով