Արայիկ Հարությունյանը չգիտի, թե ում «կապրիզները» տանի․ ո՞ւր է տանում Բաբայան-Վարդանյան պայքարը

Արցախում հանրահավաքների տեսքով ակտիվություն են ցուցաբերում Սամվել Բաբայանն ու Ռուբեն Վարդանյանը։ Պայքարը պետնախարարի պաշտոնի համար է. Սամվել Բաբայանը 100 օր է ուզում իրավիճակը շտկելու համար, իսկ Ռուբեն Վարդանյանը՝ «կիսատ թողածը շարունակելու»։
MediaHub-ի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն, իրականում, երկու քարի արանքում է, չգիտի, թե ում պահանջին ընդառաջի, չնայած, նրանցից մեկին նշանակելու դեպքում անհասկանալի է մնում ներկայիս պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ճակատագիրը։
Հասարակության մոտ կարծիք է, թե և՛ Բաբայանը, և՛ Վարդանյանը գալիս են իշխանությունը վերցնելու՝ լայն լիազորություններով և այն պայքարը, որը կա, ասում են՝ ոչ թե ժողովրդի ապագայի համար է, այլ՝ դասական աթոռակռիվ է։
Արդյունքում, տուժում է արցախցին։ Եվ ըստ մեր աղբյուրի՝ որքան էլ նախագահը դեմ է Բաբայանի կամ Վարդանյանի «կապրիզներին», ստիպված է որոշում կայացնել երկուսի միջև, որպեսզի առճակատում չլինի։
Նախորդ շաբաթ Վերածննդի հրապարակը Վարդանյանի տիրապետության տակ էր, երեկ էլ, այսպես ասած, Բաբայանի «հերթն» էր․ երկու կողմն էլ պայքարում է, սակայն նախագահականում և առհասարակ Արցախում ոչ մեկը չի հասկանում, թե այդ պայքարը ուր է տանելու։ Արցախցիներն ասում են, թե Բաբայանի և Վարդանյանի ծրագրերը սովորական նախընտրական խոստումներ են հիշեցնում, որովհետև անցակետի բացման, շրջափակումից դուրս գալու երաշխիքներ ոչ մեկն էլ չի տալիս։ Ի դեպ՝ այս հարցերի լուծման բանալին ո՛չ Բաբայանի, ո՛չ Վարդանյանի ու նույնիսկ ո՛չ էլ Արայիկ Հարությունյանի ձեռքում չէ:
Ամեն դեպքում, այս պահին Բաբայանը մի քայլով առաջ է Վարդանյանից, քանի որ առաջիկա 9 օրերի ընթացքում նախագահը վերջինիս «ասելու բան ունի», որը ենթադրվում է՝ հենց պաշտոն տալն է։ Արցախցիները հակված են այն տարբերակին, որ Սամվել Բաբայանը, այդուհանդերձ, կնշանակվի:
«Արցախի ժողովուրդը ոչ թե պաշտոնակռիվ է ուզում տեսնել, այլ՝ վճռական քայլեր, ճակատագրի հստակեցում և այդ պատասխանը հենց նախագահից են ուզում լսել, իսկ վերջինիս լռությունը փաստում է այն մասին, որ Արցախի գլխին սուր դանակներ են կախված, այն էլ` ոչ ամուր թելերով։ Օրվա հացի համար պայքարող ժողովուրդը չի մտածում, Բաբայանը կգա պետնախարար, թե ոչ, Վարդանյանը աթոռին կարոտել է, թե ոչ, Ներսիսյանը ավելի լավ դատախազ էր, թե պետնախարար»,- ասում է մեր աղբյուրը։
Անհասկանալի է նաև Հայաստանի լռությունը, չնայած, հաճախ է խոսվում այն մասին, որ հայաստանյան իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ աջակցում են Սամվել Բաբայանին, ակտիվացել է նաև սորոսական թևը, բոլորի ճնշման նպատակը Սամվել Բաբայանին պետնախարարի պաշտոնում տեսնելն է։
Այս խառնաշփոթ իրավիճակում նախագահ Արայիկ Հարությունյանը դեռ մտածում է, բայց, ասում են, ճնշմանը չի դիմանա և Բաբայանի նշանակումը առաջիկա շաբաթների հարց է: