Երբ թմրամոլները հայտնվում են իշխանության մեջ․․․
Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Երևանի Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն է բերման ենթարկվել 2 քաղաքացի: Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 42-ամյա Ներսես Պողոսյանը և 42-ամյա Սեյրան Սարգսյանը: Պողոսյանի մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ: Ըստ կայքի տեղեկությունների՝ Ներսես Պողոսյանը հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչը ինքը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգուց:
Ներսես Պողոսյանն այս իշխանության ամենաէպատաժային կերպարներից մեկն է։ Նրա աշխատանքի արդյունավետությունն Ավան համայնքի բնակիչները չեն տեսել, առհասարակ՝ գոյություն չունի պաշտոնյաների գործունեության գնահատման չափանիշ, բայց այս ընթացքում Պողոսյանն անընդհատ հայտնվում է սկանդալների կիզակետում։ Նա սոցիալական ցանցերում անվայելուչ, փողոցային բառամթերքով թիրախավորում է ընդդիմադիրներին, կրիմինալ մի քանի պատմությունների հերոս է։
Հիմա էլ՝ պարզվում է, որ թմրանյութերի նկատմամբ հակում ունի։ Ավելին, «տառապում» է շարքային հանցագործի բարդույթներով, որը բռնվելու պահին լեգենդներ է հյուսում, թե ինքը հանցանք չի գործել ու «մենթերն» են ինչ-որ բան իր գրպանը «գցել»։
Բայց խնդիրը Ներսես Պողոսյանը չէ։
Համոզված ենք՝ նա այս իշխանության մեջ ոչ միայն եզակի չէ, այլ նույնիսկ հավակնում է լինել հավաքական կերպար։ Նրա նման շատերը, որոնք չունեն մասնագիտական, բարոյական հատկանիշներ, «քայլելու» կամ երբևէ Փաշինյանին բարևելու հետևանքով տարբեր տրամաչափի պաշտոններ ստացան, դիլետանտիզմը, որոշ դեպքերում՝ նաև քրեական բարքերը իրենց հետ տարան իշխանություն։
Այս պատմությունից հետո Ներսես Պողոսյանը գուցե պաշտոնանկ արվի, բայց իշխանության մեջ բազմաթիվ «Ներսեսներ» շարունակելու են «խայտառակել ռեսպուբլիկան», քանի դեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հակահամակարգային քաղաքականությունը, կադրային քաղաքականության մեջ առաջնորդվում է յուրայիններին գործի տեղավորելու արատավոր սկզբունքով։
Վահրամ Բագրատյան