Խեղդող հոտ տարածվեց, երեխաներից մեկը վատացավ, շտապ օգնություն կանչեցինք․ ի՞նչ է կատարվել Մուսալեռի դպրոցում

Խեղդող հոտ տարածվեց, երեխաներից մեկը վատացավ, շտապ օգնություն կանչեցինք․ ի՞նչ է կատարվել Մուսալեռի դպրոցում

Քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Մուսալեռի Վերֆելի անվան միջնակարգ դպրոցում։ Դպրոցից երեխաների են տեղափոխել մայրաքաղաքի ու Վաղարշապատի հիվանդանոցներ։

«Ինչ-որ խեղդող հոտ էր տարածվել երկրորդ ու երրորդ հարկերում, երեխաների մոտ հազ առաջացավ, սկսեցին խեղդվել։ Շատ արագ տարհանում ենք կազմակերպել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը։

Նա տեղեկացրեց, որ աշակերտներից մեկը, որ ասթմա ուներ, վատացել է, շտապ օգնություն են կանչել ու տեղափոխել Երևանի Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիր։

«Հինգ երեխայի էլ տեղափոխել ենք Վաղարշապատի հիվանդանոց։ Չգիտենք՝ ինչից է խնդիրն առաջացել, գազի հետ կապված ստուգում արել ենք, գազի արտահոսք չի եղել, կաթսայատունը հեռու է։ Հիմա ոստիկանները տարածքում աշխատում են։ Երեխաներին տուն ենք ուղարկել, տարհանել էինք, որոշեցինք տուն ուղարկել»,- ներկայացրեց տնօրենը։

Մեր հարցին՝ արդյո՞ք քիմիայի կաբինետի մոտակայքում է դեպքը տեղի ունեցել, հնարավո՞ր է քիմիական նյութերից որևէ մեկը թափված լինի, երեխաների մոտ հազ առաջացրած, դպրոցի տնօրենը պատասխանեց՝ այո՛, քիմիայի կաբինետի մոտակայքում է եղել, բայց երեկվանից կաբինետը փակ է, ջեռուցման խնդիր կա, դուռն անգամ չի բացվել։

Տեղեկացնենք, որ հիվանդանոց տեղափոխված երեխաները վեցերորդ, ութերորդ, իններորդ և տասնմեկերորդ դասարանների աշակերտներ են։  Հավելենք, որ դպրոցում սովորում է 364 աշակերտ։

Նարե Գնունի