Ալավերդիում թեժ է. քաղաքապետին թույլ չեն տալիս մտնել դահլիճ, որ ՔՊ-ականները նրան հայտարարեն «բացակա»

Ալավերդիում թեժ է. քաղաքապետին թույլ չեն տալիս մտնել դահլիճ, որ ՔՊ-ականները նրան հայտարարեն «բացակա»

Լոռու մարզի Ալավերդի համայնքում այս պահին լարված իրավիճակ է։ Ալավերդու ավագանու ՔՊ-ական հատվածը որոշել է անվստահություն հայտնել «Ապրելու երկիր» կուսակցության կողմից համայնքապետ ընտրված Արկադի Թամազյանին, մինչդեռ վերջինս պնդում է, որ ավագանին մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ անվստահության նախագիծ ներկայացնելու իրավունք չունի, քանզի մեկ ամիս առաջ արդեն նման փորձ եղել է և ձախողվել։ Բայց ՔՊ-ականները առավոտ կանուխ եկել կոտրել են համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռն ու մտել ներս, դռան դեմն էլ ոստիկաններ կանգնեցրել, որ Թամազյանն ու նրա կողմնակիցները չկարողանան մտնել նիստերի դահլիճ, ու իրենք իրենցով նիստ են անում։

Նիստն էլ վարում է նիստին ներկա անդամներից տարիքով ամենաավագը։ Համայնքապետարանի դիմաց ինչպես Թամազյանի բազմաթիվ կողմնակիցներ են հավաքվել, այնպես էլ ոստիկանական ուժեր են կենտրոնացրել։ 

Նիստի մեկնարկից առաջ Արկադի Թամազյանը փորձեց մտնել ներս՝ հայտնելով, որ քաղաքապետն ինքն է և նիստը վարողն էլ ինքը պետք է լինի, սակայն ոստիկանները առանց որևէ բացատրություն տալու արգելեցին օրինական ընտրված համայնքապետին և ավագանու մյուս անդամներին մտնել նիստերի դահլիճ։ Ի վերջո, նիստը ուժի գործադրմամբ միայն ՔՊ-ականների և «Ապրելու երկրից» առանձնացած և ՔՊ-ի կողմն անցած մեկ անդամի՝ Սիմոն Զախարովի մասնակցությամբ գումարվեց՝ ոտնահարելով օրենքի պահանջը։ 

Նիստի ընթացքում ավագանու անդամներից մեկը հայտարարեց, որ քանի որ համայնքապետն ու տեղակալը բացակա են, օրենքի ուժով նիստը կվարի ավագանու անդամներից տարիքով ավագը։ Մինչդեռ աբսուրդն այն է, որ համայնքապետը դռան դիմաց կանգնած է, ուզում է ներս մտնել, որ մասնակցի նիստին, սակայն նրան թույլ չեն տալիս, իսկ ներսում նրան «բացակա» են դնում։

Դրսում հավաքված ժողովուրդն էլ իր աջակցությունն է հայտնում Արկադի Թամազյանին՝ հայտարարելով, որ իրենք գոհ են իրենց քաղաքապետից, և որ «Ապրելու երկրի» ավագանու այդ մեկ անդամը՝ Սիմոն Զախարովը, «ծախվել է» ՔՊ-ին և պարզապես դավաճանել իրենց։

Վահե Մակարյան