Սերբական ընկերությունը «քաշել» է Armenian Airlines-ին․ ո՞րն է թռիչքների չեղարկան և հետաձգման պատճառը

Երեկ մենք գրել էինք, որ «Հայկական ավիաուղիներ» (Armenian Airlines) ավիաընկերությունը չեղարկել է Միներալնիե Վոդի-Երևան չվերթը։ Բայց սա միակ չվերթը չէ, որ չեղարկվել է այս օրերին «Հայկական ավիաուղիների» կողմից։
Ընկերությունը չեղարկել և հետաձգել է Երևանից դեպի Ռուստաստանի Դաշնության մի շարք քաղաքներ՝ Մոսկվա, Սոչի, Վոլգոգրադ, Միներալնիե Վոդի, Ուֆա, Կազան և հետադարձ ուղղությամբ չվերթները։ Ընկերությունից MediaHub-ին հայտնում են, որ թռիքչների չեղարկման պատճառը ավիաընկերության օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների ուշացումն է։ Կարճ ասած՝ «Հայկական ավիաուղիները» իր օդանավն ուղարկել է C-Check-ի (այդպես է կոչվում օդանավի տեխսպասարկումը) և սահմանված ժամկետում օդանավը հետ չի վերադարձել։
Իսկ ի՞նչ է օդանավի C-Check-ը։ Այն օդանավի տեխնիկական համալիր ստուգում է, որն անցնում է մոտ երկու տարին՝ 20-22 ամիսը մեկ անգամ, հատուկ մասնագիտացված ընկերությունում։ Այդ ընկերությունը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ քաղաքում է։ Երբ այս տարվա հոկտեմբերի 14-ից «Հայկական ավիաուղիների» այն օդանավը, որը թռչում է ռուսական ուղղություններով, գտնվում է Բելգրադում։ Ընկերությունն այդ մասին տեղեկացրել էր նախապես, որ օդանավը ուղարկվել է տեխսպասարկման, ուստի այս ընթացքում ընկերությունը թռիքչներ չի իրականացնի դեպի ՌԴ նշված քաղաքներ։
Ընկերությունից նոյեմբերի 14-ին հայտնեցին, որ դեկտեմբերի 9-ից ընկերությունը վերսկսում է թռիչքները դեպի ՌԴ մի շարք քաղաքներ։ Սակայն երեկ հայտարարեցին, որ օդանավը դեռ չի վերադարձել տեխսպասարկումից, և իրենք ստիպված են հետաձգել թռիչքների վերսկսկումը։ Ստացվում է՝ սերբերը խաբել են «Հայկական ավիաուղիներին» կամ ուղղակի խախտել են խոստացված ժամկետներն ու նախանշված օրը չեն ավարտել օդանավի C-Check-ը՝ այն հետ ուղարկելով Հայաստան։ Ընկերությունն էլ, որ դեկտեմբերի 9-ի հաշվարկով արդեն տոմսեր էր վաճառել, կանգնել է փաստի առաջ՝ չունենալով օդանավ, որ իր ուղևորներին սպասարկի։
Նշենք, որ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը երկու օդանավ ունի, որոնցից մեկը թռչում է Ռուսաստան, մյուսը՝ Վրաստան։ Իսկ Եվրոպա չեն կարողանում թռչել, քանի որ Հայաստանի քաղավիացիայի թեթև ձեռքով մեր երկիրը տևական ժամանակ է՝ պատժամիջոցների տակ է, ինչը նշանակում է՝ հայկական գրանցման օդանավերը եվրոպական քաղաքներ չեն կարող թռչել։
Իսկ թե ինչպես է, այդ դեպքում, «Հայկական ավիաուղիների» օդանավը թռչել Սերբիա՝ տեխսպասարկման, ընկերությունից պարզաբանեցին, որ հայկական ՕՇՎ (օդանավ շահագործողի վկայական) ունեցող ավիաընկերությունները չեն կարող սահմանը հատել ուղևորափոխադրման նպատակով, բայց իրավունք ունեն օգտվել տեխնիկական սպասարկմամբ զբաղվող կազմակերպությունների ծառայություններից։ Ի դեպ, այս ընկերությունը նաև հայտարարել էր դեկտեմբերի 20-ից Երևանից Հնդկաստանի մայրաքաղաք Դելի թռիչքների մեկնարկի մասին, սակայն մենք տեղեկացանք, որ Դելիի չվերթը ևս նախանաշված օրը չի կայանալու, այսինքն՝ թռիչքների մեկնարկը հետաձգվում է։ Այս դեպքում պատճառը, սակայն, ոչ թե տեխսպասարկման ուշացումն է, այլ հնդկական կողմի ձգձգումը։
MediaHub-ի հետ զրույցում «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ տնօրեն Արարատ Սարգսյանն ասաց, որ դեռևս հոկտեմբերի 14-ին Armenian Airliens-ը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով քաղաքացիներին, որ ինքնաթիռային պարկի տեխնիկական սպասարկմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը «Հայկական ավիաուղիներ»-ի չվերթները ժամանակավորապես կդադարեցվեն։
«Այդ ընթացքում տոմսերի վաճառքը եղել է փակ, այն քաղաքացիները, որոնք շատ ավելի վաղ էին գնել տոմսեր, պատշաճ կերպով, հայցելով ուղևորների ներողամտությունը, նախապես տեղեկացվել են ժամանակավոր դադարի մասին և կատարվել է գումարի ամբողջական հետվերադարձ (առանց որևէ պահումների) կամ ամսաթվի չվերթի փոփոխություն։
Ավելի ուշ՝ ավիաընկերությունը, տեղեկանալով օդանավի պլանային տեխնիկական սպասարկման ժամկետների հնարավոր խախտման մասին, նոյեմբերի 14-ին հանդես եկավ նոր հայտարարությամբ, որով տեղեկացրեց, որ չվերթները վերսկսելու է դեկտեմբերի 9-ից։ Ամրագրումներ ունեցող ուղևորների համար, նույն սկզբունքով, իրականացվել է տոմսերի գումարների ամբողջական վերադարձ կամ չվերթի փոփոխություն։ Դեկտեմբերի 9-ից հետո չեղարկվող բոլոր չվերթների ուղևորներին ցուցաբերվել է անհատական մոտեցում»։
Նրա խոսքով՝ «Հայկական ավիաուղիներ»-ն ամենօրյա կապի մեջ է օդանավի տեխնիկական սպասարկումն իրականացնող կազմակերպության հետ։
«Մենք անում ենք հնարավորը՝ թռիչքներն օր առաջ վերսկսելու ուղղությամբ և նախատեսում ենք շաբաթվա ընթացքում չվացուցակն ամբողջությամբ վերականգնել: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու կարևորելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը՝ «Հայկական ավիաուղիներ»-ն այս օրերին աշխատում է արտակարգ ժամանակացույցով՝ ապահովելու ուղևորների պատշաճ սպասարկումը»,-պարզաբանեց Արարատ Սարգսյանը։
Թե երբ կվերսկսվեն թռիչքները, ընկերությունից, փաստացի, որևէ հստակ օր չեն նշում, քանզի, ինչպես հասկացանք ընկերության ղեկավարի խոսքից և իրենց տարածած հաղորդագրություններից, իրենք էլ չգիտեն, թե երբ, ի վերջո, իրենց օդանավը կվերադառնա Սերբիայից։
Վահե Մակարյան