«Հայկական ավիաուղիները» չեղարկել են չվերթը, ուղևորները «մնացել են բորտին»

Հերթական «սխրագործությունը» հայկական ավիաընկերության կատարմամբ. MediaHub–ին ահազանգած ընթերցողներից մեկը տեղեկացրեց, որ «Հայկական ավիաուղիները» չեղարկել են Միներալնիե Վոդի – Երևան չվերթը, ու հաղորդագրության մեջ ընդամենը տեղեկացրել են, որ չվերթը չեղարկվել է՝ ո՛չ ներողամտություն են հայցել, ո՛չ էլ նշել են, թե ինչպես ես պատրաստվում փոխհատուցել:
Մեզ ահազանգած քաղաքացու խոսքով՝ սա առաջին անգամը չէ, որ ավիաընկերությունը նման կերպ է վարվում. Այդպես, հուլիս ամսին մի քանի ժամ առաջ էին տեղեկացրել «Հայկական ավիաուղիներից», որ չվերթը չեղարկվում է։ Սա արդեն դարձել է «բարի» ավանդույթ։
«Արդեն վախենում ես տոմս գնես «Հայկական ավիաուղիներից», վերջին պահին պարզվում է, որ չվերթը չեղարկվել է, ուրիշ այլ ավիաընկերություններ թե՛ ներողամտություն են հայցում, թե՛ «վաուչեր» են տալիս կամ փոխհատուցում են մի քանի ժամվա ընթացքում, բա սա ի՞նչ է նշանակում: Զանգեցի ասացին՝ «փոխհատուցումը կտանք», բայց մինչ այս պահը չեն փոխհատուցել և ստիպված ես եմ գնել տոմս»,– նշեց ահազանգած քաղաքացին։
Այսինքն ստացվում է, որ հերիք չի մարդուն թողնում են այլ երկրում չեղարկված չվերթի տոմսը ձեռքին, մի բան էլ չեն փոխհատուցում, որ քաղաքացին կարողանա այլ ավիաընկերության տոմս գնել տուն հասնելու համար:
MediaHub–ը դիմեց «Հայկական ավիաուղիներին», որտեղից պարզաբանեցին, թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ են չեղարկել չվերթը․ «Armenian Airliens կամ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների ուշացման պատճառով թռիչքները չեղարկել և հետաձգել է Երևանից դեպի ՌԴ քաղաքներ՝ Մոսկվա, Սոչի, Վոլգոգրադ, Միներալնիե Վոդի, Ուֆա, Կազան և հետադարձ թռիչքների համար։ Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում կամ թռիչքի ամսաթվի փոփոխություն։ Անհետաձգելի դեպքերում՝ ավիաընկերությունն ապահովել է ուղևորների տեղափոխումը։ Արդեն 88 ուղևորի համար ընկերությունը գնել է նոր տոմսեր՝ այլ ավիաընկերություններից»:
Նկատենք, որ մեզ ահազանգած քաղաքացուն դեռ չեն փոխհատուցել, ուստի այդ «երջանիկ» 88 ուղևորներից չի: Մնում է հուսալ, որ պարբերաբար նման պատմությունների մեջ հայտնվող «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը կվերանայի իր աշխատոլաոճը և կդառնա ավելի պատասխանատու իր հաճախորդների նկատմամբ, որոնց թիվը անկասկած նվազելու է:
Մարիաննա Արամյան