Փաշինյանի հայտարարությունը հերքվեց. երկրորդ ադրբեջանցին ձերբակալվեց

Փաշինյանի հայտարարությունը հերքվեց. երկրորդ ադրբեջանցին ձերբակալվեց

Իրավապահ մարմինների եռօրյա լռությունը չորեքշաբթի խախտել էր Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչու էին ադրբեջանցի զինվորները հասել Հայաստանի տարածքի խորքը։

Կատարված քննչական գործողությունների արդյունքում, ըստ վարչապետի, Հայաստանի իրավապահ մարմիները պարզել են, որ նրանք լքել են իրենց դիրքերը՝ ճնշումների ենթարկվելու պատճառով։ 

Մինչ երեք օր է՝ իրավապահ մարմինները փնտրում էին երկրորդ ադրբեջանցուն, պարզվում է, որ նա, ըստ վարչապետի, որոշել է հետ գնալ հայրենիք։ 

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը դարձյալ, մեղմ ասած, հանրությանը մոլորեցնելու փորձ էր:

Կապանում երեկ հայտնաբերվել և ձերբակալվել է երկրորդ ադրբեջանցին։ Առայժմ սակայն հայտնի չէ՝ նա ապրիլի 10-ի գիշերը Սիսիանի Բնունիս համայնք ներթափանցած ադրբեջանցիներից մեկն է, թե՝ ոչ։

Ընդ որում, ինչպես առաջին ադրբեջանցու ձերբակալության պարագայում, երեկ նույնպես՝ թշնամի երկրի զինծառայողին գտել ու իրավապահներին հանձնել են բնակիչները, ինչը, մեղմ ասած, Հայաստանի իրավապահ համակարգի ամոթն է: 

Երեկ հայտնաբերված երկրորդ ադրբեջանցու մոտ գտել են նախօրեին սպանված ԶՊՄԿ պահակի հեռախոսը․ ԶԼՄ-ներից մեկին ասել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։ Այս տեղեկությունն, ի դեպ, սեփական աղբյուրներին հղում անելով՝ տարածել են նաև իշխանամերձ ինֆորմացիոն ռեսուրսները:

Լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել, սակայն չի էլ հերքվել:

Եթե, այնուամենայնիվ, այս վարկածը հաստատվի, դարձյալ հերքվելու է Փաշինյանի պնդումը ու պարզվելու է, որ գործ ենք ունեցել ոչ թե յուրայիններից «փախած» զինվորների, այլ դիվերսանտների հետ, մանավանդ, երեկ ձերբակալված ադրբեջանցին, դրանից առաջ, մի տեսանյութ էր հրապարակել և խոսել էր իրենց կողմից «սպանված հայերի» մասին:

Վահրամ Բագրատյան