Անապացույց արդարադատություն. իշխանությունը շարունակում է հետապնդել արցախցիներին

Անապացույց արդարադատություն. իշխանությունը շարունակում է հետապնդել արցախցիներին

MediaHub-ը ամիսներ շարունակ անդրադարձել է հադրութցի Մխիթար Օհանջանյանի դեպքին, ով աշխատանքից վերադառնալիս ձերբակալվել էր:

Հիշեցնենք, մի քանի ժամ տեղեկություն չունենալուց հետո և միայն ընդդիմադիր պատգամավորների ջանքերով ծնողները պարզել էին, որ երիտասարդը տեղափոխվել է Արմավիր ՔԿՀ: Այնուհետ նա կալանավորվեց երկու ամսով, որից հետո կալանքը ևս 3 ամսով երկարացվեց և ըստ այդմ՝ պետք է ազատ արձակվի մարտի 8-ին։

Այսօր տեղի ունեցավ Մխիթարի և 10 արցախցու գործով դատական նիստը, որում սպասվում էր, որ պետք է ոստիկանները վկայություն տային։ Ի՞նչ է տեղի ունեցել. MediaHub-ը զրուցեց Մխիթարի մոր՝ Լիլիթ Մեսրոպյանի հետ։

«Ոչ մի բան չկատարվեց, տպավորություն էր, որ դատախազի ասածը ավելի շատ հաշվի առան և դատախազի կարծիքին ավելի շատ տեղ  տվեցին, քան փաստաբանների։ Խափանման միջոցը չփոխեցին, իսկ հաջորդ դատական նիստը լինելու է հունվարի 26-ին»,- ասաց Մխիթարի մայրը։

Ինչ վերաբերում է ոստիկանների վկայություններին, տիկին Մեսրոպյանը նշեց, որ նիստին ներկա էր երեք ոստիկան, թեպետ պետք է ներկա լինեին մոտ 20-ը։ Ուշագրավն էլ այն է, որ երբ ոստիկաններին հարցրել են, նրանք ասել են, որ բողոք չունեն։

«Թե ի՞նչ է կատարվում ու ի՞նչ են ուզում անեն, երևի միայն իրենք գիտեն։ Պիտի մյուս ոստիկաններին հարցաքննեն, ովքեր այսօր չէին եկել ու մնացած տեսանյութերը, որ իրենց մոտ կան, էլ ավելի խորը նայեն ու հասկանան՝ ի՞նչ է կատարվել ու ո՞վ է մեղավոր»,- ասաց Մխիթարի մայրը։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ իշխանությունները շարունակում են հետապնդել արցախցիներին, ովքեր ներկա են եղել Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 19-ի բողոքի ակցիային, բայց երբ հարցը հասնում է դատարան՝ ո՛չ ոստիկան կա, որ վկայություն տա, ո՛չ ապացույցներ։ Եվ արդարացի է հարցը, թե ինչո՞ւ են իշխանությունները գործը հասցնում դատարան, չունենալով ապացույց։

Հիշեցնենք, սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահանջում էին Նիկոլ Փաշինյանից քայլեր ձեռնարկել Արցախի խաղաղ բնակիչներին ցեղասպանության ենթարկող ադրբեջանցիներից պաշտպանելու համար կամ էլ հրաժարական տալ: Այդ օրը Կառավարության շենքի մոտ ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բավականին տուժած քաղաքացիներ կային։

Մարիաննա Արամյան